կիրակի, 3 դեկտեմբերի 2006
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
Համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի` դեկտեմբերի 3-ին աշխարհը նշում է հաշմանդամների միջազգային օրը:
Հանրապետությունում հաշմանդամների հիմնախնդիրները բազմազան են` շրջակա միջավայրի մատչելիությունից մինչև բժշկասոցիալական վերականգնման անհրաժեշտ միջոցառումների իրականացումն ու զբաղվածության խնդիրների լուծումը: Պակաս կարևոր չէ հասարակության կողմից հաշմանդամ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը: Այս առումով զգալի աշխատանք են իրականացնում ինչպես պետական կառույցները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները:
Հաշմանդամների հիմնախնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: Մասնավորապես, 2005թ. ընդունվեց Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությունը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծել հավասար պայմաններ ու հավասար հնարավորություններ: Վերջերս ստեղծվեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին կից հաշմանդամների հարցերով խորհուրդ, որի հիմնական խնդիրը հաշմանդամներին հասարակություն ինտեգրման ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումն է: Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին ֆինանսական օժանդակություն ցույց տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նաև ստեղծել Հաշմանդամների աջակցության Հիմնադրամ:
Թեև ոլորտում առկա խնդիրները բազմազան են և պահանջում են հետևողական շարունակական աշխատանք, այնուհանդերձ վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել առկա բոլոր խնդիրները: