ուրբաթ, 8 դեկտեմբերի 2006
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7 կետը՝ կառավարությունը որոշել է Արամ Քոչարյանին նշանակել Լոռու մարզպետ, Աշոտ Ղահրամանյանին՝ Արմավիրի մարզպետ:
Համառոտ կենսագրական տվյալներ
Արամ Վլադիմիրի Քոչարյանը ծնվել է 1952թ., Կիրովական քաղաքում:
1975-1979թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը:
1979-1985թթ. աշխատել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումում՝ որպես պատմության, քաղաքատնտեսության ուսուցիչ: 1985-1991թթ. եղել է ՀԿԿ Գուգարքի շջկոմի հրահանգիչ, բաժնի վարիչ: 1991-1996թթ. եղել է Գուգարքի շրջխորհրդի գործկոմի ժողովրդական կրթության բաժնի վարիչը:
1997թ.-ին զբաղեցրել է Վանաձորի «Հաց» ԱԱՄ-ի գլխավոր տնօրենի տեղակալի, իսկ 1997-1999թթ. ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոները:
1999-2005թ.-ը եղել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ, 2005թ.-ից մինչ նշանակումը՝ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, ՀՀԿ անդամ է:
***
Աշոտ Սարգսի Ղահրամանյանը ծնվել է 1949թ., Հոկտեմբերյանի շրջանի Այգեշատ գյուղում:
1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավաբանի մասնագիտությամբ:
1975-1976թթ. աշխատել է Էջմիածնի ՆԳ բաժնի ԲԽՍՍ բաժանմունքի տեսուչ, 1976-1980թթ. ԽՍՍՀ ՆԳ մինստրության ԲԽՍՍ վարչության տեսուչ, ավագ տեսուչ:
1980թ.-ից զբաղեցրել է Երևանի ՆԳ վարչության ԲԽՍՍ բաժնի բաժանմունքի պետի, ապա նույն վարչության քրեկան հետախուզության բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը:
1992-1993թթ. եղել ՀՀ ՆԳ նախարարության կադրերի վարչության սոցիալ-իրավական բաժնի պետ, ապա 1993թ.-ից տարբեր տարիների զբաղեցրել է Գորիսի, Մասիսի, Էջմիածնի, Գյումրու ՆԳ բաժնի պետի պաշտոնը:
1996-1999թթ. աշխատել է Լոռու մարզային ՆԳ վարչության պետի պաշտոնում, 1999թ. եղել է Երևանի ՆԳ քաղաքային վարչության պետ, իսկ 2002թ.-ից մինչ նշանակումը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երեք զավակ, անկուսակցական է: