չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սոկրատես Հասիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ընդգծելով հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները, վարչապետը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր անվտանգության սպառնալիքներ, որոնց դիմակայման հարցում անհրաժեշտ է ավելի քան սերտացնել փոխգործակցությունը: Ըստ վարչապետի, երկու երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգանում են համաչափ՝ լիակատար փոխըմբռնման և փոխշահավետության պայմաններում, և այսօր բնականոն ճանապարհով հասունացել է նաև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, որի համար նախադրյալներ կան:
Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս առանցքի կարևորությունը, ինչպես նաև Հայաստան-Իրան-Հունաստան համագործակցությունը: Նշվել է, որ այդ երկրների հետ հարաբերությունների սերտացման նպատակով ստեղծված միջկառավարական հանձնաժողովներն արդյունավետ գործակցում են: Վարչապետը կարևորել է նաև տնտեսական համագործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում նա շեշտել է, որ Հայաստանը սատարում է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշումը՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա. «Հայաստանը միանշանակ այն կարծիքին է, որ Կիպրոսի պետությունը պետք է գոյություն ունենա միասնական իշխանությամբ», -նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կիպրոսի պաշտպանության նախարարի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ Կիպրոսի և Հայաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում համընկնում են և հիմնված են տարածաշրջանային խնդրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների, տարածշրջանում անվտանգության և ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցման վրա: Կարևորվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում ուժերի համախմբումն ու այս հարցում լայն համագործակցությունը: