հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախ պետականության 10-ամյակի առթիվ: Անցած տասը տարիներին մեր ժողովրդի ամենամեծ նվաճումը Անկախությունն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայոց ազատատենչ ոգին համախմբեց անկախության գաղափարն ու ձգտումը իբրև նախնյաց պատգամ իրենց մեջ կրող բոլոր հայորդիներին, և իրականություն դարձավ ազատ, անկախ ապրելու մեր նվիրական երազանքը: Ընտրվեց ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կառուցման, քաղաքակիրթ աշխարհի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատման ուղին: Անկախությունը մենք նվաճել ենք ծանր փորձությունների գնով, և փառք նրանց, ովքեր հանուն այսօրվա անցան այդ դժվարին ճանապարհը, նահատակվեցին բանտերում ու մարտի դաշտերում՝ թողնելով մեզ ու մեր սերունդներին Հայաստան անկախ պետությունը: Չնայած նորանկախ մեր պետությանը բաժին հասած բոլոր դժվարություններին, որոնք այսօր էլ ամբողջությամբ հաղթահարված չեն, երբևէ չսասանվեց մեր հավատը ազատության, անկախության գաղափարների նկատմամբ: Մենք բոլորս անցել ենք բազում փորձությունների միջով, համոզված եմ, հանուն մեր պետականության ամրապնդման, այսուհետ էլ կհաղթահարենք ցանկացած դժվարություն, այս հարցում կլինենք նույնքան միակամ ու միասնական, որքան 10 տարի առաջ: Այսօր, առավել քան երբևէ, պահանջվում է բոլորիս՝ իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակության յուրաքանչյուր անդամի միասնությունը, կամքն ու վճռականությունը: Անկախությունն այլընտրանք չունի:
ՀՀ վարչապետ
Անդրանիկ Մարգարյան