երեքշաբթի, 19 դեկտեմբերի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովը քննարկել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համատեղ կազմված հոբելյանական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները: Ըստ այդմ, նախատեսվում է հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» հանդիսավոր բացում, «Կաթիլներ մեծ ծովից» հուշապատումների գրքի 2-րդ հատորի հրատարակություն, հոբելյանական նամականիշերի թողարկում, ֆոտոցուցահանդեսի բացում, «Կարեն Դեմիրճյան» փաստավավերագրական ֆիլմի նկարահանում: Կկազմակերպվեն նաև պետական ու քաղաքական նշանավոր գործչի կյանքին ու գործունեությանը նվիրված բաց դասեր հանրապետության ուսումնական հաստատություններում, հաղորդումներ և հոդվածներ զանգվածային լրատվամիջոցներով:
Նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը որոշակի հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետին հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել «Կարեն Դեմիրճյանի թանգարանի» և դրա շրջակա տարածքի բարեկարգման վերաբերյալ: Հանձնարարվել է նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու Կենտրոնական բանկի հետ քննարկել հոբելյանական նամականիշերի թողարկման, Երևանի քաղաքապետարանի հետ՝ բաց դասերի անցկացման մանրամասները, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ՝ ֆոտոցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Հանձնարարվել է նաև՝ արված բոլոր առաջարկությունների հիման վրա կազմված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը՝ միջոցառումների ֆինանսական հիմնավորումներով, ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը, որը որոշվել է հրավիրել 2007թ. հունվարի երկրորդ կեսին: