երեքշաբթի, 19 դեկտեմբերի 2006
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել հայագիտության զարգացման համալիր ծրագիր մշակող հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովի նախորդ՝ առաջին նիստում ձևավորված երեք աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են հայագիտության առանձին ուղղությունների զարգացման, առկա հիմնախնդիրների և դրանց լուծմանը միտված միջոցառումների վերաբերյալ աշխատանքային խմբերում մշակված առաջարկությունները: Դրանք վերաբերել են, մասնավորապես, հայրենիքում և սփյուռքում իրականացվող հայագիտական աշխատանքները կարգավորող կենտրոնի, տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծմանը, հայագիտության դասականների կարևորագույն հետազոտությունների վերահրատարակմանը, միասնական ծրագրերով հայագիտական առանձին առարկաների դասագրքերի հրատարակմանը, հայոց լեզվի մաքրության պահպանմանն ուղղված միջոցառումներին, հայագիտական առարկաների ուսուցման կրթական չափորոշիչների հստակեցմանը: Առաջադրվել են նաև հայագետների նոր սերնդի ձևավորմանը նպաստելու, օն-լայն հայկական դպրոցի ստեղծման և այլ հարցեր:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հայագիտության զարգացման դերը ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու, օտարների կողմից հայոց պատմության և մշակութային արժեքների խեղաթյուրմանը համարժեք պատասխան տալու գործընթացներում և ազգային անվտանգության տեսանկյունից: Այդ նպատակով հանձնարարվել է հանձնաժողովի աշխատանքային խմբերի ղեկավարներին՝ մինչև 2007թ. հունվարի 20-ը, արված առաջարկությունների հիման վրա, մշակել հայագիտության զարգացման հայեցակարգի նախագիծը, մեկ շաբաթվա ընթացքում քննարկել այն աշխատանքային խմբերում և ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը: