հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները: Այն բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից և ներառված է կառավարության 2001 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում:
Դասագրքերի հրատարակման և դպրոցների բարելավման ծրագրի համար լրացուցիչ գումարների անհրաժեշտությունից ելնելով, գործադիրը որոշեց հաստատել «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի որոշումը՝ տնտեսված 1099.9 հազար ԱՄՆ դոլարից 963.1 հազար դոլար դասագրքերի հրատարակմանը և 136.8 հազար դոլար դպրոցների բարելավման ծրագրով նախատեսված լրացուցիչ աշխատանքների իրականացմանը նպատակաուղղելու մասին:
Նիստում հավանություն տրվեց նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:
Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 30-ը այսուհետ կնշվի իբրև ՀՀ քաղաքացիական ավիացիայի օր:
Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց «Օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը»:
Կառավարության որոշմամբ ս.թ. օգոստոսի 9-ին Երևան-Ստեփանավան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին, յուրաքանչյուր զոհվածի համար 300000-ական դրամ միանվագ օգնություն հատկացնելու նպատակով՝ ՀՀ 2001 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին տրամադրվեց 3 մլն դրամ:
Որոշվեց նաև ՉԺՀ-ում Հայաստանից «Նաիրիտ 2» և «Նաիրիտ 1» ՓԲԸ-ների և Չինաստանից «Շանսիի սինթետիկ կաուչուկների միացյալ բաժնետիրական ընկերության» կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով հիշյալ ձեռնարկության կանոնադրական կապիտալում որպես հայկական կողմի ներդրում ներդնել «Նաիրիտ 2» և «Նաիրիտ 1» ՓԲԸ-ների հիմնական միջոցները:
Կառավարույթունը որոշում ընդունեց սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկ ստեղծելու մասին:
ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշմամբ փոփոխություն կատարվեց էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների ժամանակացույցում: Ըստ այդմ, մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունների հանձնման վերջին ժամկետ սահմանվեց մինչև 30.11.2001 թ., ժամը 18:00-ը, մրցութային առաջարկությունների ծրարների բացման և առաջարկված գների հայտարարման ժամկետը՝ մինչև 30.11.2001 թ., ժամը 18:05-ը, մրցույթի արդյունքները կհայտարարվեն և պայմանագիրը կկնքվի 04.12.2001 թ-ին: Ըստ ժամանակացույցի, ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերը կկնքվեն 07.01.2002թ-01.02.2002թ., իսկ ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև բաժնետոմսերի ուղիղ վաճառքի պայմանագրի կնքման և գործարքի ավարտի ժամկետը կլինի 22.01.2002 թ-ը:
Կառավարությունը համաձայնություն տվեց «ՏԱՍԻՍ-ի 2001 թ. Ազգային համակարգման կենտրոններին օժանդակություն ցուցաբերելու մասին ֆինանսական ծրագրի առաջարկի հաստատումը հավաստիացնող» շնորհ-նամակի կնքման առաջարկությանը, «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի կառավարության միջև անշարժ գույքի կադաստրի համակարգի աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ» պայմանագրի կնքման առաջարկությանը, մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության «Հեղինակային իրավունքի մասին» պայմանագրին միանալու առաջարկությանը և «ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկությանը: