չորեքշաբթի, 27 դեկտեմբերի 2006
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից տրված երաշխավորությունների կատարման ընթացքի գնահատականները, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի աշխատակարգի փոփոխություններին վերաբերող հարցեր և ռոտացիոն կարգով նշանակվող ՀԿ-ների ներկայացուցիչների փոփոխությունների արդյունքում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմի հաստատման հարցը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գևորգ Մհերյանը խորհրդին զեկուցել է, որ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության կողմից այս տարվա դեկտեմբերի 13-ին հաստատված հաղորդագրությունը կազմվել է հիշյալ կազմակերպության հարցաշարին 2006թ. օգոստոսի 22-ին Հայաստանի ներկայացրած պատասխանների, ինչպես նաև փորձագետների խմբի` սեպտեմբերին Հայաստան կատարած այցելության ընթացքում և անմիջապես դրանից հետո հավաքած տեղեկատվության հիման վրա: Նշվել է, որ հաշվետվությունը ներառում է 2004թ. հունիսին ստացված երաշխավորությունների կատարման ընթացքի ուսումնասիրության վերլուծությունը: Ըստ զեկուցողի, անցումային տնտեսության երկրների հակակոռուպցիոն ցանցի ազգային զեկույցները, այդ թվում Հայաստանի զեկույցը, բաղկացած է 3 բաժիններից: Առաջին բաժնում տրվում են կոռուպցիայի դեմ պայքարի ազգային քաղաքականությունը և ինստիտուտները, երկրորդ բաժինը նվիրված է օրենսդրությանը և կոռուպցիայի քրեականացմանը և երրորդ բաժնում նկարագրվում են արդար կառավարման, մասնավորապես, պետական ծառայության թափանցիկության և ֆինանսական վերահսկողության համակարգերը: Ըստ նշված բաժինների էլ առանձնացվում են երաշխավորությունները: Հայաստանի դեպքում դրանք թվով 24-ն են և իրենց բովանդակությամբ ընդգրկում են առաջարկություններ օրենսդրական, իրավական, կառավարման, պետական ծառայության, ֆինանսական վերահսկողության ոլորտները: Զեկուցվել է, որ 2004թ.-ից սկսած երաշխավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ 6 ամիս պարբերականությամբ ընթացիկ հաշվետվություններ են ներկայացվել անցումային տնտեսության երկրների հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստերում, որին իրենց մասնակցությունն են բերել նաև ՀԿ-ները, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Հայաստանի երաշխավորությունների կատարման ընթացքի մասին ՏՀԶԿ-ի լիագումար նիստին միջանկյալ հաշվետվություն է ներկայացվել 2006թ. հունիսին, որի արդյունքներով նշվել է, որ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական (իրավական) և ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցերում: ՏՀԶԿ-ի փորձագետների կողմից ստացվել է Հայաստանի երաշխավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ պարզաբանում պահանջող հարցաշար, որին տրված պատասխանների հիման վրա նախապատրաստվել է Հայաստանի ազգային զեկույցի երաշխավորությունների կատարման ընթացքի հաղորդագրությունը: Այդ հաղորդագրության, ինչպես նաև հարցաշարերի պատասխանները հիմնավորող օրենսդրական փաստաթղթերին, նյութերին և երաշխավորությունների կատարման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո, ՏՀԶԿ-ի մոնիտորինգի խումբը երաշխավորությունների կատարման ընթացքը գնահատելու համար 2006թ. դեկտեմբերի 11-13-ը կազմակերպել է Հայաստանի զեկույցի քննարկումը ՏՀԶԿ-ի անցումային տնտեսության երկրների հակակոռուպցիոն ցանցի կոռուպցիայի դեմ պայքարի համակարգող և խորհրդակցող խմբերի համատեղ նիստում, որը տեղի է ունեցել հիշյալ կազմակերպության Փարիզի գրասենյակում: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է իր առարկությունները և լրացում-նկատառումները՝ փորձագիտական խմբի նախապատրաստած երաշխավորությունների կատարման ընթացքի և գնահատականների վերաբերյալ, որի արդյունքում Հայաստանի երաշխավորությունների կատարման վիճակը, նախնական գնահատման փաստաթղթի հետ համեմատած, վերափոխվել է դեպի դրականը: Երաշխավորությունների առաջին բաժնում արձանագրվել է, որ Հայաստանը առաջընթաց է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի երկու մասնագիտացված մարմինների՝ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի գործունեության ապահովման հարցում: Նշվել է, որ այդ երկու մարմինները, ընդհանուր առմամբ, իրենց ներդրումն են ունեցել 2003թ. ընդունված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման գործում, որը հիմնականում ուղղված է օրենսդրական դաշտի բարելավմանը: Արձանագրվել է, որ 2004թ. ստեղծման պահից սկսած, այդ երկու մարմինները հանդիպումներ են կազմակերպում և ներկայացնում են իշխանության տարբեր թևերը, համապատասխան պետական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Ըստ միջազգային փորձագետների, անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել խորհրդի և հանձնաժողովի աշխատանքների առավել տեսանելի արդյունքների ապահովման համար: Հիմնականում դրական է գնահատվել նաև ՀՀ գլխավոր դատախազության համակարգում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի վարչության գործունեությունը: Հաշվետվության մեջ ամբողջովին կատարված երաշխավորությունների թվում նշվել է Եվրախորհրդի և ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաների վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից: Միաժամանակ, նշված 3 ուղղություններով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով, բերված են նաև որոշակի դիտարկումներ, առաջարկություններ և երաշխավորություններ:
Հանձնարարվել է Գ.Մհերյանին՝ մոնիտորինգի հանձնաժողովում քննարկել երաշխավորությունների հետագա լիարժեք կենսագործման խնդիրը և կազմել դրանց իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Մոնիտորինգի հանձնաժողովին հանձնարարվել է նաև քննարկել հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքային ծրագիրը և ներկայացնել 2007թ. հունվարի վերջին կայանալիք խորհրդի հերթական նիստի քննարկմանը:
Այսօրվա նիստում խորհուրդը հաստատել է նաև ռոտացիոն կարգով նշանակվող ՀԿ-ների ներկայացուցիչների փոփոխությունների արդյունքում հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմը:
Հաստատվել են հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի աշխատակարգի փոփոխությունները ես: