հինգշաբթի, 18 հունվարի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականի համաձայն, հունվարի 22-ից 26-ը վարչապետի մոտ տեղի կունենան ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվությունների քննարկումներ:
Նախարարներն ու պետական կառավարման մարմինների ղեկավարները կներկայացնեն տարվա ընթացքում ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ցանկի և նույն որոշմամբ ամրագրված գերակա խնդիրների համաձայն կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները՝ նշելով նաև թերացումներն ու աշխատանքների չկատարման պատճառները:
Ըստ հաստատված ժամանակացույցի, հունվարի 22-ին 2006թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ կներկայացնեն ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահը: Հունվարի 23-ին կլսվեն ՀՀ բնապահպանության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի, ՀՀ տարածքային կառավարման (այդ թվում՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի փրկարար ծառայության) նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները: Հունվարի 24-ին հաշվետվություններ կներկայացնեն ՀՀ գյուղատնտեսության, արդարադատության և արտաքին գործերի նախարարները: Հունվարի 25-ին կլսվեն ՀՀ քաղաքաշինության, մշակույթի և երիտասարդության հարցերի, պաշտպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները:
Հաշվետվությունները կավարտվեն հունվարի 26-ին՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարների, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, հարկային պետական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ղեկավարների ներկայացրած հաշվետվությունների քննարկմամբ: