երեքշաբթի, 23 հունվարի 2007
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանձնաժողովը քննարկել և հաստատել է նախորդ նիստի հանձնարարականի համաձայն՝ արված բոլոր առաջարկությունների հիման վրա կազմված հոբելյանական միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Ծրագրի համաձայն ապրիլի 16-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի պաշտոնական բացումը, տարվա ընթացքում նախատեսված են նաև Կ.Դեմիրճյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի նկարահանում, Երևանի հանրակրթական դպրոցներում Կ.Դեմիրճյանին նվիրված բաց դասերի անցկացում, հոբելյանական նամականիշով բացիկի հրատարակում, Կ.Դեմիրճյանի 75-ամյակին նվիրված աշխատանքային օրացույցի տպագրում: Լույս կտեսնի «Կաթիլներ մեծ ծովից» հուշապատումների երկրորդ գիրքը, հոկտեմբերի 2-րդ կեսին կբացվի Կ.Դեմիրճյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Հոբելյանի օրերին միջոցառումներ կկազմակերպվեն նաև Գյումրիում ու Վանաձորում, Կարեն Դեմիրճյանի կյանքի և գործունեության վերաբերյալ հաղորդումներ կտրվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, կկայանա հոբելյանական հանդիսավոր երեկո՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նույն օրը տեղի կունենա նաև այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և պսակադրություն Կարեն Դեմիրճյանի շիրիմին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել նաև Երևանի Մ.Մաշտոցի պողոտայում տեղադրվելիք Կ.Դեմիրճյանի հուշարձանի ստեղծման մրցույթի հայտարարման վերաբերյալ: