ուրբաթ, 26 հունվարի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի հրամանատարներ և զինվորներ,
Շնորհավորում եմ բոլորիդ մեր ժողովրդի և անկախ պետականության ամենանշանակալից տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 15-ամյակի առթիվ:
Մեկուկես տասնամյակ առաջ Հայաստանի անկախության հետ ծնունդ առած Հայոց բանակը մեր անկախության ամենամեծ նվաճումներից է: Կազմավորման առաջին տարիներին հայ ժողովրդին պարտադրված արցախյան պատերազմի փորձությունն այն հաղթահարել է՝ կամավորական ջոկատների անձնազոհ նվիրումի և խորհրդային բանակում թրծված կադրային սպաների ու հրամանատարների ռազմագիտական հմտության միաձուլման շնորհիվ:
Արցախյան հերոսամարտի փառավոր էջերից մեկը Շուշիի ազատագրումն էր, որի 15-ամյա հոբելյանը ևս նշելու ենք որպես Հայոց բանակի ուժի ու մարտունակության փայլուն վկայություն, համազգային տոն:
Հետագա տարիներին կարճ ժամանակամիջոցում ազգային բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ հայկական զինված ուժերը ոչ միայն Հայաստանի ու Արցախի, մեր անկախ պետականության պաշտպանության և անվտանգության հուսալի երաշխիքն են, այլև արժանի մասնակցություն են ունենում միջազգային խաղաղապահ գործընթացներին՝ անհրաժեշտ փորձ կուտակելով ժամանակակից աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:
Շարունակելով ջանքերը մեր երկրի հետագա զարգացման, մրցունակ տնտեսության ստեղծման, պետականության ամրապնդման համար, մենք հստակ գիտակցում ենք, որ դա նաև բանակաշինության, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, մարտունակ և հզոր բանակի կայացման կարևոր նախապայմաններից է:
Նշանակալից տոնի առթիվ, շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին ու ազատամարտիկներին, ամբողջ ժողովրդին, մաղթում տևական խաղաղութուն, ոգու ամրություն և համազգային միասնություն, ազգային բանակին բարձր մարտունակություն՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի անվտանգ ապագայի: