շաբաթ, 29 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ, Զարգացման հայկական գործակալության խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է գործակալության խորհրդի նիստ: Քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ԶԳՀ-ի ֆինանսական խնդիրները, գործակալության 2002 թ. բյուջեին, ինչպես նաև ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության և նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
ԶԳՀ-ի գործադիր տնօրեն Վահագն Մովսիսյանը խորհրդին ներկայացրել է կատարված հանձնարարականներից մեկը՝ մշակված և համապատասխան նախարարությունների, գործարարների հետ համաձայնեցված «Գործարար համաժողովների անցկացման մոդելային ծրագիրը», որը խորհուրդը հաստատել է: Այն ուղեցույց կդառնա գործարար համաժողովներ նախապատրաստողների և անցկացնողների համար, որպեսզի աշխատանքը, ի վերջո, որոշակի արդյունք ապահովի: Յուրաքանչյուր այդօրինակ միջոցառման համար, բնականաբար, հաշվի կառնվեն նաև նրա առանձնահատկությունները:
Գործակալությանը հանձնարարված էր 2001 թ. անցկացվելիք գործարար համաժողովների մասին ԶԼՄ-ներով մանրամասն տեղեկություններ հաղորդել: Սրա հետ կապված, նշվել է, որ ստեղծվել է «ԶՀԳ լրատու» տեղեկագիր, որի առաջին համարում ներկայացվել են միջազգային 16 ցուցահանդեսների ազդարարագրեր, այդ թվում՝ ԱՊՀ-ի հիմնադրման 10-ամյակին նվիրված Մոսկվայում կայանալիք ցուցահանդեսի ազդարարագիրը: Վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակվել նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
Խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ ԶՀԳ-ն ՀԲ-ին առաջարկ է ներկայացրել 2002-2003 թթ. գործակալության ֆինանսավորման անհրաժեշտության մասին: Այն գտնվում է քննարկման փուլում:
ԶՀԳ-ի խորհրդի այսօրվա նիստում վարչապետը հանձնարարել է նաև պատրաստել «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամում կատարվելիք ներդրումների մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը կառավարության առաջիկա նիստում կներկայացվի հաստատման:
Որոշվել է ԶՀԳ-ի խորհրդի հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի սկզբին: