ուրբաթ, 2 փետրվարի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցի 2 դասարանների համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման ու ՀՀ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի կաթսայատան շենքի վերակառուցման, ինչպես նաև Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տիեզերական ճառագայթների բաժանմունքի գործունեությանը» և «Գիտական կազմակերպությունների միջև ստեղծված հաղորդակցության ցանցի պահպանում 2007 թվականի ընթացքում» ծրագրերը:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2007թ. ընթացքում ՀՀ-ում իրականացվող ծրագրի նպատակն է օգնել փողոցում հայտնված երեխաներին և ծերերին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատության մեջ գտնվող ընտանիքներին, միայնակ և կարիքավոր ծերերին:
Հաստատվել է Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Ֆրանսիայում անկանոն իրավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների կամավոր վերադարձին և նրանց վերահաստատմանը Հայաստանում:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: