ուրբաթ, 16 փետրվարի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման, Տող-Հադրութ հատվածի գազատարի, Հակակու գյուղի իննամյա դպրոցի կառուցման նախագծման և Հադրութի շրջանային հիվանդանոցի վերահատակագծման ու հիմնանորոգման նախագծման աշխատանքների ծրագրերը:
«Երեխաների անվճար բժշկական օգնություն», «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերում, հետազոտում, բուժում և դեղորայքով ապահովում» և «Լսողական ապարատների անվճար բաշխում» ծրագրերը կիրականացվեն «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության, իսկ «Գյումրի քաղաքի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի և հակատուբերկուլիոզ դիսպանսերի շենքի վերանորոգում» ծրագիրը՝ «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից:
Հանձնաժողովը հաստատել է ԱՄՆ-ի «Հայաստանի ամերիկյան համալսարան» կոորպորացիայի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «Տնտեսական զարգացում և շարունակական կրթություն», «Տիգրան» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Շրջակա միջավայրի պահպանություն և Սևանա լճի էկոհամակարգի կարգավորում» ծրագրերը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: