երեքշաբթի, 20 փետրվարի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակությամբ նշելով երկու պետությունների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը, վարչապետն ընդգծել է, որ դրան զգալիորեն նպաստել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք վերջին տարիներին հաճախակի են դարձել: Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Գերմանիայի արտգործնախարարի այս այցը ևս որոշակի խթան կհանդիսանա ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության «նոր հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում Գերմանիայի հետ մեր երկրի համագործակցության հետագա զարգացման համար: Ըստ վարչապետի, Գերմանիան՝ որպես ԵՄ ներկայիս նախագահող երկիր, ինչպես նաև Եվրամիության խոշորագույն դոնոր երկրներից մեկը, կարող է նշանակալի ավանդ ունենալ 2006թ. նոյեմբերին հաստատված ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման գործում: Նա ողջունել է Եվրոպական հարևանության քաղաքականությամբ նախատեսվող ԵՄ դերի մեծացման միտումը հարևան արևելյան, հետխորհրդային երկրներում՝ հատկապես տնտեսական ու առևտրային կապերի խորացման ոլորտում:
Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ նշել է նաև վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև առետրատնտեսական հարաբերությունների ակտիվացման փաստը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և այլ բնագավառներում: Նա ընդգծել է, որ Գերմանիան ներկայումս ԱՄՆ-ից հետո երկրորդ խոշոր դոնոր երկիրն է Հայաստանում, որտեղ գրանցված են գերմանական կապիտալի մասնակցությամբ ավելի քան վեց տասնյակ ձեռնարկություններ: Տնտեսական համագործակցության խթանման գործում վարչապետը բարձր է գնահատել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Փոխգործակցության խորացման համար հեռանակարային համարելով նաև էներգետիկայի, համայնքային զարգացման, ֆինանսա-բանկային և այլ բնագավառները, նա հավաստել է, որ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս շարունակել ջանքերը գործարար համաժողովների կազմակերպման, առևտրատնտեսական ոլորտում երկու երկրներում գործող համապատասխան կառույցների միջև համագործակցության ընդլայնման, գերմանական գործարարների շրջանում Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Շտայնմայերը ևս ընդգծել է, որ Հայաստանի ու Գերմանիայի միջև հարաբերությունները ներկայումս կայուն զարգացում են ապրում, Հայաստանի անկախացումից ի վեր Գերմանիան օժանդակել է և այսուհետ ևս շարունակելու է օժանդակությունը Հայաստանին: Միաժամանակ, ըստ նրա, հատկապես տնտեսական համագործակցության բնագավառում երկու կողմերի ներուժը դեռևս սպառված չէ: Նշելով, որ տնտեսության մեջ կան ոլորտներ, որտեղ կարելի է փոխշահավետ գործակցություն հաստատել ու զարգացնել, արտգործնախարարը հավաստել է, որ գերմանական կողմը ևս ամեն ջանք կգործադրի Հայաստանի ներդրումային դաշտին ու մթնոլորտին գերմանական ներդրողներին ավելի մոտիկից ծանոթացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներ: Անդրանիկ Մարգարյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը համակարծիք են եղել այն հարցում, որ տարածաշրջանային փոխգործակցության խթանումը զգալիորեն կնպաստի նաև առանձին երկրներում ընթացող ժողովրդավարացման, տնտեսական ինտեգրման գործընթացների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության հաստատմանը: Անդրադարձ է եղել հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Գերմանիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան անհրաժեշտ կամք դրսևորել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն արդյունավետ հանգրվանի հասցնելու համար՝ նշելով, որ իր կարծիքով, Հայաստանում այդ քաղաքական կամքը կա: