ուրբաթ, 23 փետրվարի 2007
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ի և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» (ՋՏԶ ԾԻԳ) պետական հիմնարկի միջև պայմանագրի կնքման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Պայմանագիրը ստորագրել են «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը և «ՋՏԶ ԾԻԳ»-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
Պայմանագրի համաձայն, ՀՄՀ-Հայաստանը «ՋՏԶ Ծիգ»-ի միջոցով նախատեսում է իրականացնել ՀՄՀ-Հայաստան ծրագրի ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածքներ բաղադրիչը, ինչպես նաև Ջրից դեպի շուկա բաղադրիչի Կառուցվածքային ամրապնդում ենթաբաղադրիչը: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով՝ 2 մլն 860 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և ՀՀ կառավարության միջև 2006թ. մարտի 27-ին ստորագրված համաձայնագրի հիմնական նպատակն է Հայաստանում գյուղական աղքատության կրճատումը՝ գյուղատնտեսական ոլորտում տնտեսական ցուցանիշների կայուն և տևական աճի միջոցով: Հայաստանի կառավարությունը նախատեսում է դա իրագործել գյուղական ճանապարհներում, ոռոգման ենթակառուցվածքներում ռազմավարական ներդրումներ կատարելու, ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու, ֆերմերներին և ագրոբիզնեսին աջակցելու հնգամյա ծրագրի միջոցով: Ծրագիրը շոշափելի արդյունքներ կապահովի շուրջ 750 հազար հոգու կամ գյուղական բնակչության 75%-ի համար: Համաձայնագրով, մասնավորապես, 67 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացվի շուրջ 943 կմ գյուղական ճանապարհների վերականգնմանը, որը կազմում է Հայաստանի առաջարկվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի ավելի քան մեկ երրորդը: Պատրաստ լինելուց հետո, կենսական նշանակության ճանապարհային ցանցը կապահովի, որպեսզի յուրաքանչյուր գյուղական համայնք ելքի հնարավորություն ունենա դեպի շուկաներ, ծառայություններ և հիմնական ճանապարհային ցանց: Համաձայնագիրը նախատեսում է նաև 146 մլն ԱՄՆ դոլարի առանձին բաղադրիչ, որի նպատակն է բարձրացնել մոտ 250 հազար ֆերմերային տնտեսությունների (որոնց 34%-ը գլխավորում են կանայք) արտադրողականությունը` բարելավելով ջրամատակարարումը, բերքատվությունը, խթանելով բարձրարժեք բերքի մշակումը և մեծացնելով գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունը: