երկուշաբթի, 26 փետրվարի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար տիկին Աննա Ֆոտիգային և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով Լեհաստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն նշանակալի խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը նաև շնորհավորել է հյուրին՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ դարավոր պատմություն և հարուստ ավանդույթներ ունեցող երկու ժողովուրդների բարեկամական կապերն ու հարաբերությունները կշարունակեն էլ ավելի ընդլայնվել ու խորանալ: Համագործակցության կարևոր ուղղություններից մեկը համարելով աջակցությունը մեր երկրի եվրաինտեգրման քաղաքականությանը, վարչապետը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է Լեհաստանի գործուն մասնակցությունը ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի իրականացմանը: Հայաստանի կառավարության ղեկավարը կայացած և արդյունավետ է որակել Արևելյան Եվրոպայի երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցությունը նաև միջազգային կառույցներում: Նա բարձր է գնահատել ռազմաքաղաքական բնագավառում ձևավորված երկկողմ հարաբերությունների մակարդակը ևս: Կարևորելով ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, վարչապետը նշել է, որ այդ համատեքստում Հայաստանը պատրաստ է դիտարկել նաև Լեհաստանի աջակցությունն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) իրականացման գործընթացում:
Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ չնայած 2006թ. ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, Հայաստանի և Լեհաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունն աճել է, այդուհանդերձ, այդ բնագավառում փոխգործակցությունը դեռևս զարգացման մեծ ներուժ ունի: Նա կարևորել է, մասնավորապես, երկու երկրների միջև արդեն իսկ ստեղծված իրավական բազայի հիման վրա գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը, Հայաստանում և Լեհաստանում գործող առևտրատնտեսական կառույցների միջև համագործակցության ընդլայնումը: Այդ ամենի արդյունավետ իրականացման գործում նա կարևորել է նաև հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ ընդգծելով հանձնաժողովի կազմավորման գործընթացը հնարավորինս արագ ավարտելու անհրաժեշտությունը:
Լեհաստանի արտգործնախարարը ևս գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակից, որն, ըստ նրա, հետագա զարգացման լավ հնարավորություններ ունի: Համառոտակի ներկայացնելով վերջին տարիներին Լեհաստանում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումները՝ հատկապես եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ին անդամակցության, էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման, տարբեր մակարդակի բարեփոխումների իրականացման ուղղությամբ, նա ընդգծել է, որ Եվրամիության համակարգում Լեհաստանի ուրույն դիրքի ուժեղացումը կնպաստի նաև այդ ճանապարհն ընտրած այլ երկրներին, այդ թվում՝ բարեկամ Հայաստանին ցուցաբերվելիք աջակցության արդյունավետության մեծացմանը: ՀՀ վարչապետը նշել է էներգետիկ անվտանգության ապահովման կարևորությունը նաև Հայաստանի համար, ընդգծելով, որ մեր երկիրը ևս լուրջ քայլեր է ձեռնարկում էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման ուղղությամբ՝ դրանում ակնկալելով նաև շահագրգիռ երկրների աջակցությունը:
Աննա Ֆոտիգան հավաստիացրել է, որ լեհական կողմը նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել սերտացման, տարբեր մակարդակի քաղաքական ու տնտեսական, այդ թվում՝ միջխորհրդարանական ու միջկառավարական կապերի խորացման հարցում:
Զրույցի ընթացքում կողմերը նշել են երկու երկրների միջև զգալի ներուժի առկայությունը գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում, որին կարող է նպաստել նաև երկու երկրներում հայկական ու լեհական համայնքների գոյությունը:
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: