հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Կառավարությունը որոշեց Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի 2001թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման համար ՀՀ 2001թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2001թ. 3-րդ եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1596636,88 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարով վճարում (այն արտացոլելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ ֆինանսական կազմակերպությունների ներքին վարկավորում» հոդվածով): Որոշումը «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակ ունի, քանի որ դրանք ստանձնվել են 1995թ. վավերացված՝ «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով և ՀՀ կառավարության երաշխավորագրով վերոհիշյալ ՊՓԲԸ-ի կողմից:
Նիստում որոշում ընդունվեց «Սև լիճ» արգելոցի կարգավիճակի փոփոխման մասին: Բնապահպանության նախարարությունն առաջարկեց արգելոցը դարձնել արգելավայր: «Սև լիճ» արգելավայրի տարածքը սահմանվեց Սև լճի հայելին և նրա ջրահավաք ավազանի ցամաքային էկոհամակարգերը: Որոշումը կայացվեց ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տարածքային և կառավարչական համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով:
Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում համագործակցության մասին» պայամանագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու և ՀԲ-ի «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով Զարգացման հայկական գործակալությանը լիազորվեց «Ձեռնարկությունների աջակցում» հիմնադրամում ներդրում կատարելու և թույլատրվեց նրան մասնակցելու հիմնադրամի ստեղծմանը:
Հաշվի առնելով ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության և Չինաստանի «Սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ կառավարությունը որոշեց հավանություն տալ «ՉԺՀ-ում ՀՀ-ի «Նաիրիտ» ԲԲԸ-ի և ՉԺՀ-ի «Սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության» կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության «ՉինԱրմենպրեն» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին» պայմանագրին:
Գործադիրը որոշում ընդունեց նաև տարածաշրջանային «Եվրոպական կրթական ակադեմիա» հիմնադրամին մասնակցելու մասին:
Նիստում հավանություն տրվեց «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին: Կառավարությունը որոշում կայացրեց նաև Հյուսիսային պողոտայի օտարման գոտում Թումանյան փողոցի N 23/1 հասցեում գտնվող հուշարձան շենքի տեղափոխման և այդ նպատակով հողամաս հատկացնելու մասին:
Մեկ այլ որոշմամբ միջուկային վառելիքի ձեռք բերման նպատակով կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրեց՝ ՀՀ ԿԲ-ում գտնվող սեփականաշնորհման միջոցների հատուկ արտարժութային հաշվից 4 մլն ԱՄՆ դոլար չափով, 15 օր մարման ժամկետով, առանց տոկոսի և առանց գրավի: Էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց ապահովել Միջպետական բանկի կողմից «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցների հաշվին նշված վարկի մարումը և հսկողություն իրականացնել տրամադրված վարկի նպատակային օգտագործման նկատմամբ: