ուրբաթ, 2 մարտի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր կաթսայատան շինարարական աշխատանքների ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի սրտաբանական հիվանդանոցի նախագծմանը» ծրագրերը, իսկ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցում և կահավորում» ծրագիրը:
«Ջորջ Ասադորյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ կրթօջախներին և բժշկական հաստատություններին կտրամադրվի նյութատեխնիկական օգնություն՝ օժանդակելով սոցիալապես անապահով և հաշմանդամ քաղաքացիներին, իսկ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից 2007-2008թթ. իրականացվող «Օժանդակություն անապահով ընտանիքներին» ծրագիրը նպատակն ունի բարելավել անապահով ընտանիքների սոցիալական պայմանները՝ տրամադրելով սնունդ, հագուստ, բժշկական օգնություն:
«Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական ուսուցում» ծրագրի նպատակն է նախադպրոցական, ինչպես նաև դպրոցական կրթական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող երեխաների և սովորական երեխաների համատեղ ուսուցման համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ ինտեգրվելու հասարակության մեջ` դարձնելով նրանց հասարակության լիարժեք անդամ:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: