ուրբաթ, 5 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ի նախագահ Ալեքսանդր Վեշնյակովին:
Վարչապետը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի ԿԸՀ-ների միջև համագործակցության սերտացմանը, փորձի փոխանակմանն ուղղված երկուստեք քայլերը, որոնք այսօր կամրագրվեն համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ:
ՌԴ ԿԸՀ նախագահը ՀՀ վարչապետի հետ զրույցում կարևորել է ազատ և ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչների մասին կոնվենցիայի ընդունումը, որը ս.թ. նոյեմբերի 30-ին կներկայացվի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների քննարկմանը, իսկ մինչ այդ ընդհանուր չափորոշիչների մասին փաստաթուղթը կներկայացվի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: Փաստաթղթի ընդունումը, ըստ պրն Վեշնյակովի, թույլ կտա զերծ մնալ ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ տարաբնույթ գնահատականներից, քանի որ կգործեն գնահատման ընդհանուր չափանիշներ: Այն նաև օրինակ կդառնա եվրոպական մյուս երկրների համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տեղեկատվական համակարգերի կատարելագործումը, տեղեկատվության փոխանակումը, ժողովրդավարական արժեքների արմատավորման ուղղությամբ աշխատանքների շարունակումը:
ՀՀ վարչապետը, Հայաստանի համար առաջիկա ընտրություններից առաջ, կարևորել է նաև «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունումը: Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը կառավարության կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ և ՌԴ ԿԸՀ-ների համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին: