ուրբաթ, 2 մարտի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև հարևան երկրների հետ ՀՀ հարաբերություններին, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի:
Ընդգծելով ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի ընդունման կարևորությունը մեր երկրի եվրաինտեգրման գործընթացի հետագա խորացման գործում՝ վարչապետը հավաստիացրել է, որ ինչպես մշակման փուլում, այնպես էլ անցյալ տարեվերջին դրա ընդունումից հետո, Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է իր ջանքերը ներդնել ծրագրի արդյունավետ իրականացման ընթացքում: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Եվրոպական հարևանության ծրագրի հետագա ընդլայնման ու ամրապնդման՝ ԵՄ քաղաքականության շրջանակներում ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը, որում նախատեսվում է տնտեսական բաղադրիչի հետագա խորացում ևս, մասնավորապես, նկատի ունենալով, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է:
ՀՀ վարչապետը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին համակարծիք են եղել այն հարցում, որ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի ընդունումից հետո Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները որոշիչ նշանակություն կունենան երկրում ժողովրդավարության զարգացման, ինչպես նաև Եվրամիության հետ համագործակցության հետագա ընթացքի համար: Միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը կարևոր է համարվել ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի՝ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այս հարցում կարևոր է ե՛ւ իշխանությունների ու նրա մաս կազմող քաղաքական ուժերի, ե՛ւ ընդդիմության քաղաքական կամքը, որպեսզի պատշաճ վստահության քվե ստացած ուժը հնարավորություն ունենա առանց դժվարությունների իրագործել իր ծրագրերը: Նա վստահեցրել է, որ իշխանությունները և նրա համար պատասխանատու քաղաքական ուժերն այդ ցանկությունն ու կամքն ունեն՝ գիտակցելով, որ կայուն ժողովրդավարական զարգացում ապահովելու համար, դա առաջին հերթին անհրաժեշտ է մեր ժողովրդին ու պետությանը:
Կարևորելով տարածաշրջանային համագործակցության խթանման գործում ԵՄ դերը և ողջունելով Եվրամիության այն մոտեցումը, որը չի խրախուսում Հարավային Կովկասում տարածաշրջանային ծրագրեր իրականացնելիս որևէ երկրի, տվյալ դեպքում՝ Հայաստանի շրջանցումը, ՀՀ վարչապետն այդ համատեքստում մտահոգություն է արտահատել, մասնավորապես, Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարածաշրջանային լիարժեք համագործակցություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ ներգրավված են նրա մաս կազմող բոլոր երկրները:
Պարոն Սեմնեբին իր հերթին հաստատել է, որ Եվրամիությունը շարունակում է հնարավոր ջանքեր գործադրել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, Հարավային Կովկասում իրականացվող նախագծերին տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցության ապահովման համար, ինչը ևս, ըստ նրա, Եվրոպական հարևանության քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Ողջունելով եվրաինտեգրմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Պիտեր Սեմնեբին հույս է հայտնել, որ համատեղ ուժերով կարճ ժամանակամիջոցում հնարավոր կլինի զարգացնել ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագիրը՝ նաև տարածաշրջանային համագործակցության մակարդակով:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին: ԵՄ ներկայացուցիչն այս կապակցությամբ նշել է, որ Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հույս հայտնել, որ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, բոլոր կողմերի ջանքերի արդյունքում, հաջողությամբ կպսակվի: