երեքշաբթի, 6 մարտի 2007
Այսօր տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) 2006թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ընկերության 2007թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու տարեկան ծախսերի նախահաշիվը: Քննարկվել են կազմակերպչական և ընթացիկ այլ հարցեր ևս:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ «ԶՀԳ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը զեկուցել է, որ 2006թ. գործակալության գործունեությունը հիմնականում ուղղված է եղել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքի, ինչպես նաև տնտեսական շուկայում ներդրումների հետևողական խթանմանն ու օտարերկրյա ներդրողներին աջակցմանը, Հայաստանի՝ որպես բարենպաստ գործարար միջավայր ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը և համաշխարհային տնտեսության մեջ արդյունավետ ինտեգրմանը: Ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից են եղել նաև աջակցությունը արտահանման խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Ըստ զեկուցողի, հաշվետու տարում իրականացված միջոցառումների արդյունքում, 2007թ. ակնկալվում է օտարերկրյա ներդրումների ծավալի զգալի աճ, որը, ըստ նախնական գնահատականների, կկազմի մոտ 300-330 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ միջազգային կառույցների գնահատմամբ, 2006թ.՝ ըստ տնտեսական ազատականացման ցուցանիշի, Հայաստանը զբաղեցրել է 27-րդ տեղը, նախորդ տարվա 42-ի փոխարեն, իսկ համաշխարհային ներդրումների ներգրավմամբ զբաղվող 147 գործակալությունների շարքում ճանաչվել 5 լավագույններից մեկը: ԶՀԳ-ի գործունեությունն իր դրական ազդեցությունն է ունեցել միջազգային այնպիսի հեղինակավոր ընկերությունների ՀՀ-ում ներդրումեր իրականացնելու որոշման վրա, ինչպիսիք են Միքրոսոֆթը, Լյուֆթհանզան, Սոնին և ուրիշներ: Հաշվետվության համաձայն, 2006թ. ԶՀԳ-ի կողմից կազմակերպվել և մասնակցություն է ցուցաբերվել նաև հայ-իտալական, հայ-բելառուսական, հայ-ճապոնական և մի շարք այլ միջազգային նպատակային ցուցահանդեսների ու գործարար այլ համաժողովների, գործարար կապեր են հաստատվել 58 ընկերությունների միջև, արտահանումն աճել է 3.1 տոկոսով: Մասնավորապես, վեր են հանվել գործարար միջավայրին խոչընդոտող որոշակի խնդիրներ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք դրական լուծումներ են ստացել, մշակվել է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիր:
Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ՝ ԶՀԳ 2007թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող շուրջ հինգ տասնյակ միջոցառումների թվում, գործակալության գլխավոր տնօրենը նշել է երկրի բարենպաստ ներդրումային միջավայրի վարկանիշի ձևավորման համար նպատակային շուկաներում ընտրված ոլորտներին առնչվող գործարար ու ներդրումային համաժողովների կազմակերպումն ու աջակցումը, ներդրումների խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետ զուգորդումը, մասնակցությունը համաշխարհային խոշոր ցուցահանդեսներին, տեղեկատվական աջակցության ցուցաբերումը արտահանող կազմակերպություններին և արտահանումը սատարող կառույցների տվյալների բազայի համալրումը, հայկական արտադրանքների համար հետաքրքրություն ներկայացնող արտաքին շուկաների և նրանց պահանջների ուսումնասիրությունը, համահայկական առևտրային ցանցի ստեղծումը, գործարար այցելությունների կազմակերպումը, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող նոր «պրոբլեմների բանկի» ստեղծումը և այլն: Նշվել է, որ տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, հանրապետության ողջ տարածքում զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների, լեռնամետալուրգիայի, շինանյութերի արտադրության զարգամանն աջակցության հարցերը:
Նիստում խորհուրդը քննարկել և որոշումներ է ընդունել նաև 2007թ. մարտի 25-30-ը Լոս-Անջելեսում կայանալիք մեքենաշինութան ոլորտին նվիրված «WESTEC 2007» միջազգային ցուցահանդես-համաժողովին, ինչպես նաև հուլիսի 4-7-ը Սան-Ֆրանցիսկոյում կայանալիք առաջին համահայկական տեխնոլոգիական կոնգրեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: