չորեքշաբթի, 7 մարտի 2007
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային տոնի առթիվ
Սիրելի կանայք` Մայր հայրենիքում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքում,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ կանանց տոնի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրվա խորհուրդը հատկապես ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու ծով համբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, անվերապահ նվիրումը, հանդուրժողականությունն ու ընտանիքն ամուր պահելու ձեր նվիրվածությունը, որոնք արժանի են մեծ գնահատանքի ու խոնարհումի: Սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային արժեքներին նրանց հաղորդակից դարձնելու, ընդհանուր առմամբ, Մայր հայրենիքում, թե Սփյուռքում հայապահպանման ձեր առաքելությամբ դուք բոլոր ժամանակներում մեր պետականության հիմքերն եք ամրացրել և այսօր էլ արժանիորեն շարունակում եք նույնն անել: Համոզված եմ, որ հասարակական-քաղաքական կյանքում գնալով ակտիվացող ձեր մասնակցությունը հնարավորություն կընձեռի ի նպաստ մեր պետության ու ժողովրդի լիարժեք օգտագործել ձեր ամբողջ ներուժը:
Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն և երջանկություն եմ մաղթում ձեզ, ընտանեկան ջերմություն ու սեր՝ տոնական բարձր տրամադրություն: