հինգշաբթի, 8 մարտի 2007
Կանանց տոնի՝ մարտի 8-ի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է հանրապետության հասարակական կյանքում, մշակույթի և այլ բնագավառներում աչքի ընկած մի խումբ կին գործիչների, ինչպես նաև նշանավոր արվեստագետների կանանց, ովքեր հասարակական ակտիվ գործունեության համար խրախուսվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և դրամական պարգևներով: Վարչապետի հուշամեդալով, մասնավորապես, պարգևատրվել են Վարդուհի Վարդերեսյանը, Թերեզա Միրզոյանը, Կլարա Թերզյանը: Շնորհակալագրի և դրամական պարգևների են արժանացել Աստղիկ Սահակյանը (Զոհրաբյան), Մերի Քեշիշյանը, Ջուլիետա Քալանթարյանը (Տեր-Մկրտչյան), Աղավնի Կոշկարյան-Խոստիկյանը, Մարիաննա Մակիչյանը, Ալինա Խաչատրյանը, Նուբար Կարապետյանը, Իվետա Ազնաուրովան, Լուսինե Կիրակոսյանը, Արփենիկ Մանարյանը:
Հանձնելով պարգևները՝ վարչապետը շնորհավորել է խրախուսանքի արժանացած կանանաց, ինչպես նաև հանրապետության բոլոր կանանց՝ գեղեցիկ տոնի առթիվ, առողջություն, սեր և երջանկություն մաղթել նրանց և նրանց ընտանիքներին: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ամենատարբեր բնագավառներում մեծ ձեռքբերումներ ունեցող, ճանաչված ու սիրված կին գործիչների կողքին բազմաթիվ են նաև նրանք, ովքեր իրենց համբերատարությամբ, խորհուրդներով, դժվարությունները կիսելու պատրաստակամությամբ մեծապես աջակցում են իրենց ամուսինների՝ անվանի մշակութային, հասարակական, գործիչների կայացմանն ու հեղինակության աճին: Նրանք ևս, ըստ վարչապետի, պետք է արժանանան պետության և հասարակության գնահատանքին:
Պարգևատրված կանայք երախտագիտություն են հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ հանրապետության կանանց հիմնախնդիրների, ինչպես նաև իրենց նկատմամբ ցուցաբերված ջերմ վերաբերմունքի և ուշադրության համար: