երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2001
Մարդահամարի անցկացման նախօրեին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ կարևորելով համապետական այդ միջոցառումը և կոչ է արել ակտիվորեն մասնակցել անցկացվելիք մարդահամարին: Իր խոսքում նա մասնավորապես նշել է.
Հարգելի հայրենակիցներ
2001 թվականի հոկտեմբերի 10-19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող մարդահամարը Հայաստանի անկախության օրոք անցկացվող առաջին մարդահամարն է և տասնամյակը մեկ անգամ մարդահամար անցկացնելու ավանդույթի շարունակությունը:
Մարդահամարը՝ հանդիսանալով բնակչության թվի և նրա տեղաբաշխման տեղեկատվության հիմնական աղբյուրը, հնարավորություն կտա ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական տվյալներ ստանալ ոչ միայն հանրապետության, այլ նաև նրա առանձին տարածքների ու բնակավայրերի վերաբերյալ և վճռորոշ նշանակություն կունենա մեր երկրում սոցիալական ապահովվածության, առողջապահական, կրթական և զբաղվածության ծրագրերի ու ռազմավարությունների բարելավման համար:
Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի տվյալները կլինեն վիճակագրական ամփոփ ցուցանիշների տեսքով, և դրանք կօգտագործվեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքական և տնտեսական նպատակային վճիռների կայացման համար:
Գիտեք, որ ՀՀ 2001 թ. մարդահամարի բոլոր գործընթացները կանոնակարգվում են «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով և սահմանված է ձեր անհատական տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Այն խախտելու դեպքում անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ակնկալում եմ ձեր անկեղծ և հավաստի պատասխանները, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի հավաստի արդյունքների երաշխիքը, և համոզված եմ, որ դուք գիկատցում եք ձեր դերն այս համապետական կարևոր աշխատանքում: