հինգշաբթի, 15 մարտի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
«ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակը:
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, որում ընդգրկվել են Մոնրեալի համապատասխան արձանագրությամբ կարգավորվող այն նյութերը, որոնց գործածման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի պարտավորություններ: Սահմանվել են օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) ևս, ինչը կապահովի նշված նյութերի աստիճանական փոխարինումը օզոնաանվտանգ նյութերի: Մեկ այլ որոշմամբ, օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում լիազոր պետական մարմին է ճանաչվել ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում 2007-2011թթ. ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագիրը՝ հանրապետությունում հացահատիկի արտադրության ծավալների ավելացման և ինքնաապահովության մակարդակի բարձրացման նպատակով: 2007թ. ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու համար, որոշվել է ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից երկրորդ եռամսյակում 105 մլն 100 հազար դրամ հատկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N1851-Ն որոշման համաձայն, գործադիրը հաստատել է ՀՀ 2007թ. պետական բյուջեում ընդգրկված ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անասնաբուժության բնագավառում իրականացվող ծրագրով նախատեսված միջոցառումը: Ըստ այդմ, անասնաբուժության բնագավառի բարեփոխումների արդյունքում, պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների շրջանակներում, եռակողմ պայմանագրային հիմունքներով հակաանասնահամաճարակային միջոցառումներ կիրականացվեն համայնքները սպասարկող անասնաբույժների կողմից:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված 10 մլն դրամը հատկացրել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին:
Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Հունգարիայի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի, ինչպես նաև «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագրի (Բաց երկնքի համաձայնգիր) կնքման առաջարկություններին:
Փոփոխություն և լրացումներ է կատարվել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի N 587-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը բխում է նախազորակոչային (16-18 տարեկան) և զորակոչային (18-ից մինչև 27 տարեկան) տարիքի արական սեռի քաղաքացիների շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման, հիվանդների վաղ հայտնաբերման ու բուժման և առողջության վերականգնման հրատապ լուծում պահանջող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից:
Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2337-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքի կիրառման ապահովմամբ, ըստ որի ՀՀ զինանշանի միագույն պատկերը գործածվում է ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այն մարմինների կնիքների և ձևաթղթերի վրա, որոնց այդ իրավունքը վերապահված է ՀՀ օրենսդրությամբ: Նշվել է, որ մինչ այժմ ՀՀ զինանշանի պատկերն օգտագործելու իրավունքը սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններին վերապահված էր գերատեսչական նորմատիվ ակտով:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել նպաստներն անձամբ նպաստառուին վճարելու, ընտանիքի՝ մինչև 18 տարին չլրացած հավելում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակի, զոհված ազգային հերոսների ընտանիքներին դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Նիստում հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն նշված օրենսգրքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքին: Դրանք պայմանավորված են նաև հանրության, անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից առավել վտանգավոր բնույթ կրող իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանելու և կատարված արարքին համարժեք վարչական տույժեր նշանակելու անհրաժեշտությամբ: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ աշխատանքային օրենսգրքում և մի շարք ՀՀ օրենքներում ամրագրված դրույթների կիրարկումն ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1146-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում օրենսդրության կիրարկման հետ կապված վերահսկողական գործառույթների իրականացումն ապահովելու և դրանք «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում արտացոլելու հանգամանքով: Լրացուցիչ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին՝ նոր առաջարկություններ ներկայացնելու համար:
Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս: Առաջարկվող փոփոխություններից մեկով, մասնավորապես, կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը:
Կառավարությունը որոշել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 7000քմ մակերեսով 96288 նիշը կրող հողատարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Մ. Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի տարածքն ընդլայնելու նպատակով, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ իրականացնել վարժարանի առջև դրված խնդիրները:
Նիստում որոշվել է նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Սևան քաղաքի 1574ք. ընդհանուր մակերեսով նախկին N 2 միջնակարգ դպրոցի շենքը և դրա սպասարկման տարածքը հետ վերցնել և նվիրաբերել Սևանի քաղաքային համայնքին՝ մշակութային կրթօջախներ հիմնելու պայմանով:
«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքներին, ՀՀ հողային օրեսգրքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության՝ Երևան քաղաքի Աճառյան 42 հասցեում գտնվող 1724.6 քմ մակերեսով, 24 մլն 922 հազար դրամ գնահատված արժեք ունեցող շենք, շինություններն ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ին: ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հ. Ներսիսյան փող. N 7 հասցեում գտնվող 1495.4 քմ մակերեսով անշարժ գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռքբերված նշված գույքն իր զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,25689 հա հողատարածքով ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ այն աճուրդով օտարելու նպատակով: Որոշվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Ղուկասավանի մասնաճյուղի 265.4 քմ մակերեսով, 5 մլն 986 հազար դրամ գնահատված արժեք ունեցող թանգարանի շենքը և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արա Վարդանյանին: Հիշյալ ՊՈԱԿ-ին թույլատրվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Ղուկասավան գյուղում գտնվող 749.5 քմ ընդհանուր մակերեսով, 14 մլն 414 հազար դրամ գնահատված արժեքով անշարժ գույքը ևս ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արա Վարդանյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագիծը:
Մեկ այլ որոշմամբ, լուծարվել է Երևանի քաղաքապետարանի «Երքաղտեղեկանք» ՓԲԸ-ն:
«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ իրականացնել պետական գրանցման աշխատանքները:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Կամարիսի, Վայոց Ձորի մարզի Աղնջաձորի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու և որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ: