ուրբաթ, 23 մարտի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1, 2, 3, 4, 5, 6 միջնակարգ դպրոցներից յուրաքանչյուրում երկուական դասարանների համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի, Երևան քաղաքի թիվ 29 միջնակարգ դպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման, «Տավուշի մարզի Իջևանի հիվանդանոց» ՓԲԸ-ի ընդունարանային մասնաշենքի, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի «բ» մասնաշենքի վերակառուցման և «Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի 2-րդ հարկաբաժնի վերանորոգման նախագծա-նախահաշվային աշխատանքների ծրագրերը:
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Խնամատար ընտանիք» ծառայություն» ծրագրի նպատակն է՝ օգնել Հայաստանում լքված, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, որպեսզի նրանք մեծանան ապահով միջավայրում:
Հանձնաժողովը հաստատել է «Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Բժշկական պարագաների ներմուծում և անհատույց բաշխում առողջապահական հաստատություններին», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Կապանի տարածաշրջանում», «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բեռի ներմուծում և անհատույց բաշխում» ծրագրերը ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: