չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2001
Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկեց նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված գործարքներ:
Մասնավորապես քննարկման արդյունքում հաստատվեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայակական մասնաճյուղի ֆինանսավորմամբ Երևանի թույլ լսող երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցի կողմից համակարգչային դասարանի ստեղծման և այդ նպատակով համապատասխան տեխնիկայի ձեռքբերման գործարքը:
Համակարգիչներ և հարակից սարքավորումներ ձեռք կբերի նաև Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցը, որտեղ նույնպես կստեղծվի լավագույն տեխնիկայով հագեցած համակարգչային դասարան: Այս գործարքը, ինչպես և դպրոցի վերանորոգման ողջ ծրագիրը կֆինանսավորի իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը:
«Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը իր հերթական դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կվերանորոգի Գյումրու թիվ 4 դպրոցի տանիքը, թիվ 42 դպրոցի համար կկառուցի կաթսայատուն և կմոնտաժի ջեռուցման համակարգը, թիվ 10 գիշերօթիկ դպրոցի համար ձեռք կբերի աշակերտական կահույք և Շիրակի մարզի Աշոցք, Փանիկ ու Թավշուտ գյուղերի դպրոցները կապահովի վերանորոգման նյութերով:
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարության ծրագրի շրջանակներում կկանաչապատվի և կբարեկարգվի եկեղեցու շրջակայքը, իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի Գյումրի քաղաքի ծերերի և հաշմանդամների թիվ 4 տուն-ինտերնատի խոհանոցը և տնտեսական մասնաշենքը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրեր և այլ հարցեր: