երկուշաբթի, 26 մարտի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է մարտի 25-ին, կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղած Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը.
«Մենք կորցրել ենք պետական գործիչ, գործընկեր, ընկեր, որը 15 ու կես տարվա մեր Անկախության պատմության մեջ մոտ 7 տարի գլխավորել է կառավարությունը, և այդ 7 տարիները մեր պետության լավագույն տարիներն են: Մի մարդ, որը զբաղեցնելով այդ բարձր պետական պաշտոնը՝ եղել և մնացել է համեստ, հանդուրժողական և բարի: Բոլորիս հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը մնալու է հենց այդպիսին՝ առաջին հերթին իր մարդկային որակներով: Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, և մենք, իբրև իշխանություն, պետք է տանք ճիշտ լուծումներ՝ ներկա վիճակից դուրս գալու համար»,- կառավարության անդամներին ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ նախագահը հանձնարարել է հրաժարական տված կառավարության անդամներին՝ շարունակել աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը: Նա ընդգծել է, որ կառավարության գործունեության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում նախարարությունները և գերատեսչությունները բավականին անելիքներ ունեն, և այն պահանջը, որ կար այդ ծրագրի իրագործման հարցում, մնալու է նույնը: