երկուշաբթի, 26 մարտի 2007
Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել պետությունների ու կառավարությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական ներկայացուցչություններից, Հայաստանի և Սփյուռքի կրոնական, մշակութային, հասարակական կազմակերպություններից:
Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշևի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
|«Բուլղարիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խնդրում եմ ընդունել մեր խորին ցավակցությունները վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հարգված քաղաքագետի և պետական գործչի անունը կապված կմնա Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասշտաբային բարեփոխումներին ու եվրոպական ընտանիքին երկրի ինտեգրմանն ուղղված ջանքերի հետ:
Բուլղարիայում Անդրանիկ Մարգարյանին բարձր էին գնահատում հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման գործում ունեցած ակտիվ դերակատարման համար»:
«Ուկրաինայում խոր վշտով ընդունեցին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահը` հայ ժողովրդի փառավոր զավակի, ում կյանքն անձնազոհ նվիրումի օրինակ էր իր հայրենիքին` նրա վերածննդի և հայոց պետականության կայացման փուլում», մասնավորապես, նշված է Ոկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի` ՀՀ կառավարությանը, ամբողջ հայ ժողովրդին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հարազատներին ու մտերիմներին ուղղված ցավակցական հեռագրում:
Ղազախստանի Հանրապետության վարչապետ Քարիմ Մասիմովի հեռագրում, մասնավորապես, աված է.
«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Կյանքից հեռացավ հեղինակավոր քաղաքագետը, իսկապես ազնիվ ու բարեկիրթ մարդը: Հայաստանը կորցրեց իր նվիրյալ զավակին, ով անգնահատելի ավանդ է ներդրել երկրի տնտեսական ու քաղաքական զարգացման գործում»:
ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հեռագրում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա իմ ընկերոջ ու մտերմի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան մասին:
Մեծ է նրա անձնական դերը ոչ միայն Հայաստանում, այլև ԼՂՀ-ում անկախության հաստատման, պատերազմի հետևանքների վերացման, տնտեսության զարգացման և հայկական երկու պետությունների միջև համագործակցության խորացման գործում:
Անհնար է մոռանալ այն ծավալուն օժանդակությունը, որ այդ բարի ու նրբազգաց մարդը ցույց է տվել Արցախին, ինչը մշտապես զգացվում էր ժողովրդի կողմից, որն այսօր լուսավոր հիշողություններ է պահպանում նրա մասին` որպես պետական ու քաղաքական գործչի, Հայրենիքի նվիրյալ զավակի, ում համար այնքան թանկ էր հայոց հողը:
Ընդամենը երեք օր առաջ մենք հանդիպեցինք Երևանում` ճշգրտելու երկու կառավարությունների հերթական համատեղ ծրագրերը Լեռնային Ղարաբաղում: Դժվար է հավատալ, որ դա մեր վերջին հանդիպումն էր:
Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մշտապես կմնա արցախցիների սրտերում»:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծական մահվան տխուր առիթով» Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսի հղած «ցավակցական Գիրը», մասնավորապես, վկայում է.
«Մոտեն ճանչցած ենք վարչապետ Մարգարյանը իր գործունեությամբ և հայրենի մեր երկրին ու ժողովուրդին նկատմամբ իր ցուցաբերած հոգածու աշխատանքով: Վերջին տարիներուն, հատկապես 2000 թվականեն սկսյալ, երբ ան ստանձնեց վարչապետի պատասխանատու պաշտոնը, հետևեցանք իր նվիրյալ տեղական թե միջազգային գետնի վրա ծավալած գործունեության, որուն ճամբով իր անձին մեջեն արտացոլացին հայրենասեր և պետական մարդու բարձր հատկանիշները: Իր մահը մեծ կորուստ մըն է թե հայ ժողովուրդին և թե Հայաստանի Հանրապետության համար:
Կաղոթենք առ Աստված, որ իր երկնային երանության մեջ հանգչեցնե հանգուցյալ վարչապետի հոգին ու մխիթարությամբ զորացնե Ձեզ»:
«ՀՀ Սահմանադրական դատարանը խորապես ցնցված է մեր երկրի համար մեծագույն վաստակ ունեցող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Անդրանիկ Մարգարյանն իր մնայուն ձեռագիրը թողեց մեր երկրի տարեգրության մեջ: Նրա խոհեմ, հավասարակշռված պահվածքը, մարդկային լավագույն հատկանիշները էական նշանակություն ունեցան մեր երկրի կայունության ու առաջընթացի համար», ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ցավակցական հեռագրում:
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները Հայաստանի խոշոր պետական գործիչ, վարչապետ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Կյանքից հեռացավ մեծ հոգու տեր մարդը, որն սթափորեն էր գնահատում շրջապատող աշխարհի իրականությունը: Նրա ազնվությունը, սկզբունքայնությունը, նվիրվածությունն ընտրած գործին, որին նա ծառայում էր մինչև իր կյանքի վերջին օրը, նրա համար ապահովել էին Հայաստանի բնակչության անկեղծ հարգանքը: Դրա համար նրան բարձր էին գնահատում իր մտերիմներն ու գործընկերները: Այդպիսին էլ նա կմնա մեր սրտերում և հիշողության մեջ»:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իրենց խոր ցավակցություններն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետի տեղակալ սուլթան Բին Զաեդ ալ- Նահիանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:
Ցավակցական հեռագրեր են ստացվել նաև «ԻՏԵՐԱ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի, Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միջազգային կոնգրեսի, Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) խորհրդի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահության, ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միության, ՀՀ ԳԱԱ Հայկական հանրագիտարանի աշխատակազմի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ), Հայաստանի գրողների միության, Հայաստանի նկարիչների միության անունից, բազմաթիվ արհեստակցական, կրթական, մշակութային, երկրապահների, հասարակական այլ կազմակերպությունների կոլեկտիվներից ու ղեկավարությունից: