երկուշաբթի, 26 մարտի 2007
Այսօր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Շառլ Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Ազնավուրը նշել է, որ ջերմությամբ է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին Փարիզում:
«Խոր վշտով տեղեկացանք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան բոթը: Մշակույթը զրկվեց զգայուն, ուշադիր մարդուց»,- իր ցավակցական հեռագրում նշել է Գոհար Գասպարյանը:
«Մեծ ցավով ստացանք Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը, որը վշտացրեց մեզ»,- ասված է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ցավակցական հեռագրում: Իրանի նախագահն իր խորին վշտակցությունն է հայտնել ՀՀ նախագահին, կառավարությանը և ժողովրդին՝ «Բարձրյալ Տիրոջից համբերություն և տոկունություն հայցելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին»:
Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու՝ Բելառուսի կառավարության և անձամբ իր անունից հղած ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով ընդունեցինք նշանավոր պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան լուրը:
Անդրանիկ Մարգարյանի անվան հետ են կապված Հայաստանի ձեռքբերումները պետական շինարարության, տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում, երկրի՝ միջազգային ասպարեզում վստահելի գործընկերոջ կերպարի ձևավորման գործում:
Անդրանիկ Մարգարյանը նշանակալից ավանդ է մուծել Բելառուսի և Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդման և զարգացման մեջ»:
Օրվա ընթացքում ցավակցական հեռագրեր են ստացվել նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովից, Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովից, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար, դեսպան Լեոնիդաս Քրիսանթոպուլոսից, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՌԱԿ կեդրոնական վարչության ղեկավարությունից, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, Ռուս-հայկական գործարար ասոցիացիայի, «ՌՈԻՍԱԼ Արմենալ» ընկերության, Միջպետական բանկի ղեկավարությունից, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, տնօրինության և աշխատակազմի, Երևանի պետական բժշկական համալսարանի կոլեկտիվի և ուսանողության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ՀՀ-ում գործող օտարերկրյա ընկերությունների ղեկավարների անունից: