հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների կրթական հաստատությունների լիցենզավորման, որակավորման և հավատարմագրման ոլորտում աշխատանքների համակարգման մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկությանը: Համաձայնություն տրվեց նաև գյուղատնտեսության ոլորտում մի շարք երկրների հետ համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկություններին և «Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտի զարգացման հիմնարար զեկույցի պատրաստման նպատակով Ճապոնիայի կառավարության ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացվելիք ծրագրի վերաբերյալ» հայտագրի կնքման առաջարկությանն ու «ԱՊՀ մասնակից պետությունների առևտրային քաղաքականության տեսության մասին» արձանագրությունն ստորագրելու առաջարկությանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ առողջապահության նախարարության ենթակայության «Նարինե» մանկական առողջապահական համալիր» պետական հիմնարկի գլխավոր մասնաշենքը անհատույց օգտագործման իրավունքով 15 տարի ժամկետով հանձնվեց «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությանը՝ իր միջոցների հաշվին նշված մասնաշենքում ժամանակավորապես բնակվող 13 փախստական ընտանիքներին այլ կացարաններով ապահովելու պայմանով, որը միությունը հանձն է առել:
Նիստում ընդունվեց նաև «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին որոշումը:
Գործադիրը հաստատեց մանկական թերթերի և ամսագրերի սուբսիդավորման նպատակով նախատեսված հատկացումները (21048,3 հազ. դրամ) ըստ առանձին խմբագրությունների, ինչպես նաև 2001թ. պետբյուջեով նախատեսված «Ոչ պետական մամուլի սուբսիդավորում» տողով նախատեսված գումարի (40.000 հազ. դրամ) բաշխումը:
Ընդերքի երկրաբանական ուսումնասիրման, օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինների իրավասությունների սահմանազատման նպատակով և «Ընդերքի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունն այդ բնագավառում որոշեց լիազորված պետական մարմիններ ճանաչել ՀՀ արդյունաբերության և առևտրի, բնապահպանության նախարարություններին, օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովին, ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ արդարադատության նախարարության համակարգում ստեղծվեց քրեակատարողական ծառայություն, որը ներառում է նախարարության քրեակատարողական վարչությունն ու դրան ենթակա հիմնարկները:
Գործադիրը որոշում ընդունեց նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դուստր ձեռնարկությունների լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին: