երեքշաբթի, 27 մարտի 2007
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ստեղծված հուղարկավորության պետական հանձնաժողովի նիստ՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ: Հանձնաժողովում քննարկվել են Վարչապետի հուղարկավորության հետ կապված կազմակերպական հարցեր և այդ կապակցությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հուղարկավորության արարողակարգի համաձայն, մարտի 28-ին ժամը 10:30-ին Վարչապետի դին դուրս կբերվի բնակարանից, ժամը 10:30-ին տեղի կունենա հրաժեշտի արարողություն բակում, ժամը 10:40-ին հուղարկավորության թափորը կշարժվի դեպի ՀՀ Կառավարության շենք՝ Ավան-Առինջ, Աճառյան փող., Մյասնիկյան պող., Հերացու փող., Նալբանդյան փողոցից մինչև ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության շենքի ուղղությամբ, ժամը 11:05-ին՝ կանգառ Հանրապետական կուսակցության շենքի մոտ /Մելիք Ադամյան փողոց/, ժամը 11:10-ին թափորը կշարժվի դեպի ՀՀ Կառավարության շենքի կենտրոնական մուտք, կանգառ ՀՀ կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ, ժամը 11:20-ին հուղարկավորության թափորը կշարժվի դեպի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք /Հանրապետության Հրապարակ, Ամիրյան փող., Մաշտոցի պող., Թումանյանի փող., Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հրապարակ ուղղությամբ/, ժամը 12:00-ին կսկսվի ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին վերջին հրաժեշտի արարողությունը, ժամը 14:30-ին Վարչապետի դին դուրս կբերվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից /Ֆրանսիայի հրապարակ, Աայաթ-Նովա պող., մինչև Աբովյան խաչմերուկ, ժամը 14:50-ին սգո թափորը կշարժվի դեպի Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ Սայաթ-Նովա պող., Խանջյան փող., Ագաթանգեղոսի փող., Արշակունյաց պող., Կոմիտասի անվան այգու պանթեոն ուղղությամբ, ժամը 15:00-ին կկատարվի հուղարկավորության արարողությունը:
Պետական հանձնաժողովի որոշմամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին վերջին հրաժեշտի արարողությունը կհեռարձակվի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: