երեքշաբթի, 27 մարտի 2007
Այսօր շարունակվել է ցավակցական հեռագրերի հոսքը` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:
Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Նաջի Օթրիի հղած հեռագրում, մասնավորապես ասված է.
«Խոր կսկիծով տեղեկացա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Մենք պարոն Մարգարյանին գիտեինք որպես իր երկրին ու ժողովրդին ազնվորեն ու հավատարմաբար ծառայող կարևորագույն անձնավորության»:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ`Լիտվայի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Լիտվայի վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասը: «Ես վստահ եմ, որ ի բարօրություն Հայաստանի` վարչապետ Մարգարյանի գործադրած ջանքերը շարունակություն կգտնեն, և նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասված է հեռագրում:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ՀՀ կառավարությանն ու ժողովրդին իր խորին ցավակցություններն է հայտնել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Նիրեկ Տոպոլանեկը:
«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություններ եմ հղում Հայաստանի ժողովրդին` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ,- ասված է ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի հեռագրում:
-Ես առիթ եմ ունեցել շփվելու պարոն Մարգարյանի հետ` որպես «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահի և խորապես տպավորված եմ ՀՄԿ-ի աջակցությամբ ամբողջ հայ ժողովրդի և հատկապես գյուղական ֆերմերների կենսապայմանների բարելավմանն ուղղված նրա ջանքերով: Նրա եռանդը, նվիրումը հարազատ ժողովրդին երկար կհիշվի»:
«Խոր կսկիծով տեղեկացա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան մասին,-ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի ցավակցական հեռագրում: -Որպես ՀՀ վարչապետ` իր երկարատև պաշտոնավարությունը հնարավորություն տվեց նրան ծանրակշիռ ավանդ ներդնել երկրում կայունության հաստատման և տնտեսական բարեփոխումների գործում, ինչպես նաև նոր էջ բացել Հայաստան-ԵՄ հարաբերություններում»:
«Կիսում ենք մեր հարգարժան Անդրանիկ Մարգարյանի հարազատների, բարեկամների, մերձավորների և զինակիցների ծանր վիշտը,-նշված է ՀՀ խաղաղության ֆոնդի նախագահ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հեռագրում:- Բարի, հարգված, ճանաչում ստացած ղեկավարի կերպարը երկար կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ»:
Օրվա ընթացքում ցավակցական հեռագրեր են ստացվել նաև Ուկրաինայի հայերի միության, հայերի Դոնեցկի մարզային համայնքի, Մոսկվայի հայ համայնքի, ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համայնքների, Փարիզի Մխիթարյան մշակութային կեդրոնի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, գրականության ինստիտուտի, Հայաստանի ազգային գրադարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի երաժշտական ընկերության կոլեկտիվների և ղեկավարության անունից: