չորեքշաբթի, 28 մարտի 2007
Այսօր շարունակվել են ցավակցական հեռագրեր ստացվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հարգարժան Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ: Իմաստուն քաղաքագետի, հայ ժողովրդի նշանավոր զավակի մահվամբ ես կորցրեցի իմ անկեղծ բարեկամին ու համախոհին: Դժվարին այս պահին մենք եղբայրական հայ ժողովրդի հետ ենք ու կիսում ենք նրա վիշտը»,- մասնավորապես, ասված է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հեռագրում:
Ղրղզստանի կառավարության և անձամբ իր անունից հղած ցավակցական հեռագրում Ղրղզստանի վարչապետ Ա. Իսաբեկովը նշել է, որ «վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվամբ Հայաստանի ժողովուրդը կորցրեց իր հայրենիքի արժանավոր զավակին, ով անգնահատելի ավանդ է ներդրել երկրի քաղաքական ու տնտեսական զարգացման գործում»:
«Խոր վշտով ստացա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տխուր լուրը», - ասված է Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսի հղած հեռագրում: Հունաստանի կառավարության և հույն ժողովրդի անունից նա իր խորագույն ցավակցություններն է հայտնել Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին:
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Կյանքից հեռացավ տաղանդավոր կազմակերպիչն ու հմուտ ղեկավարը, ով իր արժանի ներդրումն է ունեցել Հայաստանում իրավիճակի կայունացման, տնտեսության ամրապնդման և երկրի բնակչության կյանքի բարելավման գործում: Ա.Մարգարյանը շատ բան է արել Ռուսաստանի և Հայաստանի, Մոսկվայի ու Հայաստանի միջև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման գործում: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը մշտապես կմնա մեր սրտերում»:
«Անդրանիկ Մարգարյանի մահով, Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը կորսցնում են իր գաղափարներին նվիրյալ, հաղորդական ու ժողովրդային մի պետական գործչի, որու արժանիքներից և փորձառությունից դեռ երկար կարող էին օգտվել Հայաստանն ու հայ ժողովուրդը: Իր բոլոր համամասնությունների կողքին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ջերմապես հավատում էր Հայաստան-Լիբանան բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ կորուստը մեծ ցավ է բոլորիս համար»,- ասված է Լիբանանի խորհրդարանի անդամ դոկտ. Եղիկ Ջերեջյանի հեռագրում:
Ցավակցական հեռագրեր են ստացվել նաև ԱՊՀ տնտեսական դատարանի, «Հայրենակցականների միաբանություն» իրավաբանական անձանց միության, Թեքեյան մշակութային միության կեդրոնական վարչության, Կոմիտասի անվան պետական քառյակի, Ամերիկայի հայկական համագումարի, Մոսկվայի Հայ մշակույթի զարգացման ֆոնդի, «Հայաստան 2020» ծրագրի կառավարման խորհրդի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայաստանի ժուռնալիստների միության, տեղական և միջազգային բազմաթիվ այլ հաստատությունների, կազմակերպությունների, անհատ գործիչների անունից: