հինգշաբթի, 5 ապրիլի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ նախագահը, ՀՀ կառավարության անդամներին ներկայացնելով «ՀՀ վարչապետ նշանակելու մասին» ապրիլի 4-ի իր հրամանագիրը, նշել է. «Սերժ Սարգսյանին ներկայացնելու անհրաժեշտություն երևի չկա, ուղղակի կհիշեցնեմ, որ նա կառավարության անդամ է եղել 1993 թվականից մինչ այսօր և ընդամենը այս ժամանակահատվածում մոտ 6 ամիս աշխատել է նախագահի աշխատակազմում: Այս տարիներից ավելի քան 8 տարի՝ մոտ ութուկես, տարի եղել է պաշտպանության նախարար՝ ղեկավարելով հայկական բանակը, ա՛յն բանակը, որով բոլորս հպարտանում ենք, և իհարկե, Սերժ Սարգսյանի ներդրումը բանակի կայացման գործում դժվար է գերագնահատել: Անձամբ ճանաչում եմ շատ վաղուց. աշխատասեր, պարկեշտ, հետևողական անձնավորություն է: Եվ համոզված եմ, որ այս պատասխանատու ժամանակահատվածում ինքն ի վիճակի է ղեկավարել կառավարությունը, հատկապես նման փորձ ունեցող, ըստ էության, մենք չունենք»:
ՀՀ նախագահը հորդորել է կառավարության անդամներին՝ նախընտրական ամբողջ ժամանակաշրջանում աշխատանքը կազմակերպել այնպես, որ նախարարությունների աշխատակազմերի բնականոն աշխատանքը չխաթարվի, և որևէ ձևով այդ գործընթացները չանդրադառնան աշխատանքի որակի վրա:
Նիստի օրակարգի հարցերի թվում կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը: Այն կնպաստի ՀՀ-ում մշակութային քաղաքականության իրականացման կանոնակարգված և գործուն համակարգի ներդրմանը: Մասնավորապես, իրավասությունների և գործառույթների հստակեցման միջոցով կապահովվի պետական լիազոր մարմնի, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեությունը: Ծրագիրը կնպաստի նաև միջմարզային մշակութային համագործակցության զարգացմանը և միասնական մշակութային դաշտի ապահովմանը, Երևանի և ՀՀ մարզերի միջև գոյություն ունեցող տարբերությունների վերացման գործընթացի ձեռնարկմանը, մշակութային կազմակերպությունների բաշխվածության, մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների բարելավմանը, մշակույթի ոլորտի կադրերին վերաբերող չափորոշիչների, կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի մշակմանն ու ներդրմանը:
«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 120 մլն դրամ է հատկացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին՝ Աղավնաձոր գյուղի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման նպատակով:
Կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 5 մլն 400 հազար դրամ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2409-Ա որոշմամբ նախատեսված գումարներից՝ ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր և Ներքին Կարմիրաղբյուր համայնքների 2006թ. Ադրբեջանի տարածքից տարածված հրդեհից տուժած 5 հա խաղողի այգիների վերականգնման նպատակով այգետերերին խաղողի պատվաստված արմատակալներ տրամադրելու համար:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից ընդհանուր հաշվով 1 մլրդ. 863 մլն 290. 2 հազար դրամ է հատկացվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի Կապան-Ծավ հատվածի թեքություններն ու հորիզոնական կորերը երրորդ տեխնիկական կարգի ավտոճանապարհի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Նույն որոշմամբ 619 մլն 933.4 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ նշված ավտոճանապարհի շինարարության կապալառու ընկերություններին բիտումի գնի աճի հետ կապված փոխհատուցումներ կատարելու համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարներին՝ Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի շինարարական աշխատանքների կատարման ժամկետները երկարաձգել մինչև 2007թ. սեպտեմբերի 15-ը:
«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 28 մլն 470 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 2007թ. ապրիլի 12-19-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում անցկացնելու նպատակով Երևան-Կահիրե-Երևան չվերթով ինքնաթիռի վարձակալության ծախսերի համար:
«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների փոխանակման կարգը»: Որոշմամբ սահմանվել են նաև նպաստների համար դիմած անձանց անհատական տվյալների պաշտպանության մեխանիզմները:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը:
Նիստում հաստատվել են նաև Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» N3920 վարկային ծրագրի շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 2006թ. դեկտեմբերի 5-ին անցկացված և ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2007թ. փետրվարի 16-ին հաստատված մրցույթի արդյունքները՝ 544 մլն 679.084 հազար ՀՀ դրամ պայմանագրային արժեքով մրցույթի հաղթող ճանաչելով «ՄԵԴԻՏԵՔ» ՍՊԸ-ն:
«Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2007-2008 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 4132 և բուհերի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5893 ուսուցման ընդունելության (բակալավրիատ) տեղերը՝ ըստ ուսումնական հաստատությունների ու մասնագիտությունների: Սահմանվել է, որ ՀՀ բուհերի 2007-2008 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվում է երկաստիճան համակարգով (բակալավրիատ և մագիստրատուրա)՝ կիրառելով ուսանողական նպաստների հատկացման սկզբունքը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ կրթության և գիտության նախարարին:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ՀՀ 2007-2008 ուսումնական տարվա մագիստրատուրա, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», «ՀՀ կառավարության և Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրերի, «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» 4895-ARM նամակ-համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման մեջ: Հաշվի առնելով վերջին շրջանում ՀՀ օրենսդրությունում, մասնավորապես, ՀՀ հողային և ՀՀ քաղաքացիական օրենսգրքերում կատարված փոփոխությունները, որոշմամբ հաստատված կարգը լրացվել է նոր պարբերությամբ, ըստ որի շենքի, շինության շուկայական արժեքի մեջ ներառվում է նաև շենքին, շինությանը հատկացված հողամասի շուկայական արժեքի և տվյալ պահին գործող կադաստրային գնի տարբերությունը: 3 օր ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:
Մեկ այլ որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի «ՀՀ-ում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1777-Ն որոշման մեջ՝ այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայում կատարված լրացումներին և փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով:
Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N86-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով հատկացված 265 մլն դրամից 124 մլն դրամը հատկացնել քաղաքային համայնքներին, իսկ 141 մլն-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Լուսանշան» ՊՈԱԿ-ին:
Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից «Ստանդարտացման աշխատանքների կատարում» ծրագրով նախատեսված աշխատանքների գծով 2007թ. պետական պատվերը:
Նիստում կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տ. Դավթյանին՝ ապահովել Հայաստանը ներկայացնող տեսահոլովակների հեռարձակումը Սի Էն Էն և Եվրոնյուզ հեռուստաալիքներով՝ վերջիններիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Որոշումն ընդունվել է Հայաստանի՝ որպես կայուն, ապահով, ձեռնարկատիրության, ներդրումների համար բարենպաստ, ինչպես նաև գրավիչ զբոսաշրջային երկիր, նկարագրի ձևավորման ու նշված հեռուստաալիքներով ներկայացման նպատակով:
Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ «Դեղերի մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» և մի շարք այլ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու և օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը կարգապահական գումարտակում պատիժ կրող անձանց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի կարգավորումն է:
Կառավարությունը որոշել է ՀՀ-ում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն իրականացնող տեխնիկական զննության կայանների համար հիմնական արատորոշման սարքավորումների մատակարարումն իրականացնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից միջազգային մրցույթով ընտրված կազմակերպության միջոցով: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ հիշյալ կազմակերպության մրցույթն անցկացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով բաց մրցույթի համար սահմանված դրույթների կիրառմամբ: Սահմանվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2007թ. մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
«ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ՀՀ դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը:
ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, բնակչության զբաղվածության վերաբերյալ ՀՀ օրենքի վերանվանությամբ, ըստ որի 2006թ. հունվարի 1-ից գործողության մեջ է մտել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Որոշմամբ հստակեցվել են նաև ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների՝ ըստ ՀՀ մարզերի բաշխման հիմքում դրվող չափորոշիչները:
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 28-ի «Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 2018-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային փոփոխություններով:
Կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում, «Շահութահարկի մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքներում լրացում և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևան քաղաքի Գայի պողոտայի N19 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 50 քմ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևան քաղաքի Նոր-Նորքի տարածքի նոտար Օսան Հակոբյանին՝ նոտարական գործունեություն ծավալելու նպատակով:
Այլ որոշումներով, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի Կապան քաղաքի Լեռնագործների փող. 24 հասցեում գտնվող բնակելի շենքի 2020 քմ. մակերեսով, 8 մլն 506 հազար դրամ գնահատված արժեքով անավարտ շինարարության օբյեկտը մասնավորեցնել մրցույթով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Մոսկովյան փող. N 33ա հասցեի շենքից «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից զբաղեցրած 1532.6քմ մակերեսով, 539 մլն 978 հազար դրամ գնահատված արժեքով տարածքը ևս որոշվել է օտարել մրցույթով: Որոշումներ են ընդունվել նաև «Մասիսի նավթամթերք» և «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ների գույքի կազմից առանձնացված մի շարք օբյեկտների գույքի մասնավորեցման վերաբերյալ:
Նիստում որոշում է ընդունվել ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի, ինչպես նաև մարզի Հրազդանի քաղաքային, Կոտայքի, Արտավազի, Արզականի, Ձորաղբյուրի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ: