հինգշաբթի, 5 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին:
Պարոն Ռուշայլոն, մեծ պատիվ համարելով և հաճույքով ընդգծելով ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն իր հետ ունենալու փաստը՝ նշել է. «Մենք Ձեզ շատ լավ ենք ճանաչում և գիտենք իբրև պատասխանատու ղեկավար պաշտոններ զբաղեցրած մի մարդու, որը պետական կառավարման համակարգում մեծ փորձառություն ունի: Վստահ ենք, որ Դուք, հարգելի պարոն Սարգսյան, կկարողանաք պատվով կատարել և արդյունավետորեն լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի կառավարության առջև»:
Հայաստանի կառավարության նորանշանակ ղեկավարին մաղթելով հաջողություններ, Վլադիմիր Ռուշայլոն հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետին տեղեկացրել է մեր երկրում խորհրդարանական ընտրությունների առիթով ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքը, նշելով, որ ԱՊՀ գործադիր կոմիտեում բավականաչափ տեղյակ են Հայաստանի նախընտրական մթնոլորտի մասին: Նա շնորհակալություն է հատնել դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ Հայաստանի գործադիր իշխանության կառուցողական համագործակցության համար և հույս հայտնել, որ աշխատանքի ամբողջ ընթացքում դիտորդական առաքելությունը կունենա կառավարության աջակցությունը, ինչին ի պատասխան վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է նույն կառուցողական ոգով շարունակելու համագործակցությունը և հարկ եղած դեպքում, իր իրավասության շրջանակներում, աջակցություն ցուցաբերելու դիտորդական առաքելություններին:
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ խոսել է նաև ԱՊՀ-ի հետագա բարեփոխումների հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքների, ապրիլի 25-ին Աստանայում տեղի ունենալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի և հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցություն իրականացնող մարմինների Համակարգող խորհրդակցության նիստի նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև նշված միջոցառումներին Հայաստանի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 25-ին Յալթայում կայանալիք հերթական նիստի անցկացման հետ կապված հարցերին: Վլ. Ռուշայլոն գոհունակությամբ է արտահայտվել ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի ակտիվ և շահագրգիռ մասնակցության ու արդյունավետ աշխատանքի մասին: Վարչապետ Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ ընդգծել է, որ մեր երկիրը օբյեկտիվորեն շահագրգիռ է ԱՊՀ բարեփոխումների հաջող ընթացքով, համագործակցության ամրապնդմամբ և զարգացմամբ ու շարունակելու է ակտիվ մասնակցություն ունենալ այդ գործընթացներում:
Հանդիպման ավարտին Վլ. Ռուշայլոն կրկին հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին՝ իր դժվարին և պատասխանատու աշխատանքում: