ուրբաթ, 6 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որտեղ քննարկվել են ՀՀ ԳԱԱ 2006թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության արդյունքները:
Ժողովից հետո, պատասխանելով ՀՀ կառավարության և վարչապետի հետագա գործունեության հետ կապված լրագրողների հարցերին, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Չեմ կարծում, որ պիտի հիմա լուրջ փոփոխություններ լինեն կառավարության կազմում, որովհետև մնացել է համարյա 40 օր աշխատելու, և մեր կարևորագույն խնդիրը պիտի լինի ապահովել կառավարության աշխատանքների շարունակականությունը: Որևէ փոփոխություն, համենայն դեպս, այս պահին նախատեսված չէ»:
Այն հարցին, թե կլինեն, արդյոք, փոփոխություններ կառավարության գործունեության ծրագրում, վարչապետը նշել է, թե չի կարծում, որ գործունեության ծրագրում ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն: Համենայն դեպս, ըստ նրա, կառավարությունը ծրագիրը պետք է ուղարկի Ազգային ժողով: Նա կարծիք է հայտնել, որ ընտրություններից հետո այն քաղաքական ուժը, որ կկազմի կառավարություն, արդեն նոր ծրագիր պետք է ուղարկի Ազգային ժողով:
Անդրադառնալով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի նշանակումների հարցին՝ Սերժ Սարգսյանը ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անելուց:
Ճեպազրույցում վարչապետը նշել է նաև, որ առաջիկայում ծրագրում է հանդիպել Ակադեմիայի գիտնականների և հանրապետության մտավորականների հետ՝ նրանց հուզող հիմնախնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով: