ուրբաթ, 6 ապրիլի 2007
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 11 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Երևանի կաթողիկե եկեղեցական համալիրի վերակառուցման և ընդլանման», «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Ազոխ և Դրախտիկ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման նախագծի ուսումնասիրության, աշխատանքների, ինչպես նաև «Կամար» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի «Աքորի գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի առաջին ուսումնական մասնաշենքի վերանորոգում և դպրոցական կահույքի տրամադրում» և «ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 7 դպրոց ՊՈԱԿ-ի դահլիճի կառուցում, կահավորում և դպրոցական կահույքի տրամադրում» ծրագրերը:
ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ գիտնականների ներուժը, կազմակերպել միջազգային գիտական փորձի փոխանակում, կապերի հաստատում և գիտական որակավորման բարձրացման դասընթացներ:
Հաստատվել են «Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Թալինի տարածաշրջանի երկու համայնքներում մանկապարտեզների վերանորոգում և կահավորում», «Գյուղատնտեսական մեքենաների գնում և անհատույց բաշխում Կապանի տարածաշրջանի համայնքներին», «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջանում» ու «Կապեր եկեղեցու և կառավարության հետ», «Բարձունք 5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Էջմիածին-13» ատամնաբուժական դիսպանսեր ծառայություն» ծրագրեր ևս:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: