երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության շինարարության նախարար Մոհամմադ Միհադ Մուշանտատին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հավաստեցին նաև տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ այս տարվա գարնանը Սիրիա կատարած հայկական պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է հուշագիր համագործակցության երեք գլխավոր ուղղությունների՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման, շինարարական-էներգետիկական աշխատանքների նախագծման, Հայաստանում արտադրվող էլեկտրատեխնիկական արտադրանքը սիրիական շուկա արտահանելու վերաբերյալ: Սիրիական պաշտոնական պատվիրակության ներկա այցի նպատակը այդ աշխատանքներն ավելի գործնական հողի վրա դնելն է: Ընդ որում՝ հայկական կողմը շահագրգռված է, մասնավորապես, աղետի գոտում շինարարության, ճանապարհների, ջրամբարների ու ամբարտակների շինարարության բնագավառներում սիրիական ընկերությունների հետ գործակցությամբ, իսկ սիրիական կողմն ակնկալում է օգտագործել էներգետիկական և հիդրոէներգետիկական շինարարության, թունելների նախագծման և կառուցման տեխնոլոգիաների, սեյսմիկ գիտական կենտրոնի և կառույցների սեյսմակայունությունն ապահովող տեխնոլոգիաների գծով հայ մասնագետների փորձը:
Քննարկման արդյունքում Սիրիայի շինարարության նախարարը առաջարկեց ստեղծել հայ-սիրիական շինարարական համատեղ ձեռնարկություն, որը կմասնակցի ոչ միայն Սիրիայում, այլև արաբական մյուս երկրներում կազմակերպվող շինարարական մրցույթներին, ինչը գոհունակությամբ ընդունվեց: