ուրբաթ, 6 ապրիլի 2007
ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակման կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր Հայրապետական օրհնությունն է բերել և շնորհավորել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական խոսքում մասնավորապես ասված է. «Հայրենի մեր պետության վերահաստատման սրբազան գործին Դուք նվիրվեցիք Արցախյան հերոսական պայքարի օրերից և Ձեր անմնացորդ ջանքերը բերեցիք Արցախի ազատագրությանը և նորանկախ Հայաստանում պետականության ամրապնդմանը: Մեր ժողովրդին ու Հայրենիքին ծառայության Ձեր նվիրումն ու նախանձախնդրությունը դրսևորվեցին Արցախում և Հայաստանում Ձեր ստանձնած պետական բարձր պաշտոններում: Գնահատելի է Ձեր ազնիվ ավանդը, որ բերել եք Հայոց Բանակի լիարժեք կազմակերպման ու զորացման գործին, հեղինակությանն ու փառքին:
Մաղթում ենք, որ Հայաստանի Հանրապետության Վարչապետի բարձր պաշտոնում Ձեր փորձառությունն ու կարողությունները և առ Հայրենին Ձեր աննվազ սերը արգասավորվեն նոր ձեռքբերումներով՝ հանուն մեր Հայրենիքի հզորության ու առաջընթացի և համայն մեր ժողովրդի բարօրության ու արդար հույսերի մարմնավորման:
Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք ենք բարձրացնում երկինք, որ Փրկիչ մեր Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի մեր Հայրենիքը և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդին, պարգևի Ձեզ քաջառողջ կյանքի երկար օրեր և օրհնի Ձեր ջանքերը Վարչապետի կոչման ու պատասխանատվության մեջ»:
ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ. Ա. Կաթողիկոսը.
«Սիրելի Պրն. Սարգսյան,
Անհուն ուրախությամբ կողջունենք Ձեր նշանակումը որպես Վարչապետ Հայաստանի Հանրապետության:
Մենք անձնապես մոտեն ծանոթ ենք Ձեզ և Ձեր մեջ տեսած Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովուրդին նվիրյալ անձը: Արդարև, Դուք աշխատունակ ոգիով և ծրագրված ու հետևողական կերպով կատարեցիք Ձեզի հանձնված պետական բոլոր պարտավորությունները: Վստահ ենք, որ նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով պիտի կատարեք Ձեզի վստահված այս նոր առաքելությունը՝ գործակցաբար Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Նորին Վսեմություն Ռոբերտ Քոչարյանին:
Այս առթիվ կվստահեցնենք Ձեզ, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պիտի շարունակե իր անսակարկ ու ամբողջական զորակցությունը Հայաստանի պետության՝ հօգուտ մեր հայրենիքին ու հայրենի մեր ժողովուրդին:
Կաղոթենք առ Ամենաբարին Աստված, որ Ձեզի շնորհե քաջառողջություն և վերանորոգ կամք՝ ծառայելու Հայաստանի Հանրապետության ու առավել ևս ամրացնելու անոր դիրքը միջազգային մակարդակի վրա»:
ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոսոն, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Ֆրադկովը, ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը:
****
Հարգելի Վարչապետ,
Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի փոխանցել իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։
Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է Ձեր երկրի հետ ներդաշնակ և ամուր հարաբերությունների զարգացման շարունակականություն, մասնավորապես ԵՀ-Հայաստան գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ամբողջական իրականացման ու Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի միջոցով։
Ձեր կառավարությունն իր առաջ ունի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացման կարևոր օրակարգ։ Այն ներառում է ժողովրդավարական գործընթացի շարունակություն և տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսություն։
Արտաքին հարաբերություններում, իհարկե, մեծ մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։ Հանձնաժողովն այս հարցում պատրաստ է աջակցել Ձեր երկրին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Ես կցանկանայի նշել, որ Եվրոպական հանձնաժողովն ամբողջությամբ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ իր զարգացման այս կարևոր պահին։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Ձեր ջանքերին՝ կառուցելու բարգավաճ պետություն, հարգելու մարդու իրավունքները և օրենքի իշխանությունը, միաժամանակ, իրականացնելու հաջող տնտեսական ու հասարակական զարգացման քաղաքականություն։
Այս համատեքստում, հուսով եմ, որ Ձեր կառավարությունը կկարողանա ավելի խորացնել ժողովրդավարությունը, մասնավորապես, ապահովելով ընտրական գործընթացի կազմակերպումը՝ ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ և այլ միջազգային չափորոշիչներին համապատասխան։
Ես հավաստում եմ իմ անձնական հետաքրքրությունն այս կարևոր հանձնառությունում:
Ժոզե Մանուել Բարոսո
****
Ես շնորհավորում եմ Ձեր նշանակումը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում և ակնկալում եմ մեր երկու երկրների միջև կապերի հետագա ամրապնդում:
Թոնի Բլեր
****
Հարգելի Սերժ Ազատի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ ՀՀ վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունները, որոնք վստահորեն բարձրացել են մինչև դաշնակցային գործընկերության մակարդակը, վերջին շրջանում լրացուցիչ դինամիկ զարգացում են ստացել: Ամրապնդվում են մեր քաղաքական կապերը փոխշահավետ հիմքի վրա, հետևողականորեն աճում են առևտրատնտեսական համագործակցության ծավալները, կատարելագործվում են հումանիտար շփումները: Երկկողմ փոխգործակցությունը դառնում է առավել հավասարակշռված ու ներդաշնակ:
Մենք Ձեզ գործնականում ճանաչում ենք որպես ռուս-հայկական գործընկերության հետագա խորացման հետևողական կողմնակցի, ով մեծ ներդրում ունի մեր երկրների միջև ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության գործում: Հուսով ենք, որ ռուս-հայկական կապերի բազմակողմանի զարգացմանն ուղղված Ձեր բեղմնավոր գործունեությունը կշարունակվի ՀՀ վարչապետի պաշտոնում:
Ընդունեք հաջողությունների մեր մաղթանքները Ձեր աշխատանքում՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների:
Միխայիլ Ֆրադկով
****
Հարգելի Սերժ Սարգսյան,
Մեծ գոհունակությամբ ընդունեցի ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման լուրը: Շատ տարիներ ճանաչելով Ձեզ՝ որպես պետական գործչի, նվիրված հայրենասերի, այդ նշանակման մեջ ես տեսնում եմ Հայաստանի անկախության վերականգնման դժվարին տարիներին սեփական ժողովրդին անմնացորդ նվիրումի ճանապարհին ունեցած Ձեր գործունեության արժանի գնահատությունը:
Ջերմորեն հիշելով մեր հանդիպումները հայոց հյուրընկալ հողում, ամբողջ հոգով շնորհավորում եմ Ձեզ բարձր նշանակման առթիվ: Մաղթում եմ իմաստնություն, համբերություն, քաջառողջություն և մեծ հաջողություններ պետական այդ բարձր պաշտոնում Ձեր գործունեության մեջ: Վստահ եմ, որ այն բազմակողմանի համագործակցությունը, որ վերջին տարիներին ձևավորվել ու ամրապնդվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, կշարունակի վերընթաց զարգանալ՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների:
Սերգեյ Ստեպաշին