հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2001
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը, փոփոխություն կատարելով 2001 թ. հունվարի 30-ի N68 որոշման մեջ, չորրորդ եռամսյակ տեղափոխեց մինչ երրորդ եռամսյակ նախատեսված, սակայն տարբեր պատճառներով չկատարված ծախսերի կատարումն ու եկամուտների հավաքագրումը: Գործադիրը հաստատեց ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության աշխատակազմերի և սահմանադրական դատարանի կողմից կանխիկ ձևով կատարվող ծախսերի 2001 թ. պետբյուջեի չափաքանակները: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունն իր համաձայնությունը տվեց Երևանի քաղաքապետի և Լոռու մարզպետի՝ պաշտոնեական (ծառայողական); ինչպես նաև հանրակացարանների կացարանները որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու վերաբերյալ առաջարկություններին:
Գործադիրը համաձայնություն տվեց մի շարք ոլորտների վերաբերող համաձայնագրերի կնքման առաջարկություններին, մասնավորապես՝ «ՀՀ բնապահպանության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բնապահպանական գործերի նախարարաության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը, «ՀՀ կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ կառավարության ու Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» և «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սեյսմիկ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին, ինչպես նաև «Համագործակցության մյուս պետություններում ԱՊՀ մասնակից պետությունների զանգվածային տեղեկատվություն ներկայացնող լրագրողի կարգավիճակի մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման մասին» համաձայնագրերի կնքման առաջարկներին և «Արտակարգ իրավիճակների, բնական աղետների, տեխնածին աղետների, դրանց հետևանքների վերացման և տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելու գործում համագործակցության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրերը կնքելու առաջարկությունների:
Այսօրվա նիստում հաստատվեցին ՀՀ տարածքում գեոդեզիական կետերի պահպանության մասին կարգը, Գեղարքունիքի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները:
Շիրակի մարզի Անի պեմզայի գյուղական համայնքի բնակչությանը խմելու ջրի վարձավճարի փոխհատուցման նպատակով, կառավարությունը որոշեց այդ համայնքին տրամադրել 297 հազար դրամ՝ ՀՀ 2001 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Մեկ այլ որոշմամբ, կրթության և գիտության նախարարության՝ Երևանի Դավիթ Անհաղթի N10 հասցեում գտնվող ուսանողական հանրակացարանի վարչական N1, 2, 3 մասնաշենքերը, որպես գույքային ներդրում, հանձնվեցին «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:
Կառավարության նիստի ավարտին ՀՀ նախագահն անդրադարձավ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշներին, նշելով, որ անցած 9 ամսվա դրությամբ, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արձանագրվել է 9,9 տոկոս տնտեսական աճ, որն արտահայտվել է արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում: Այդպիսի ցուցանիշներ, ըստ նախագահի, անցած տարիների այս ժամանակահատվածում չեն արձանագրվել: Սակայն մինչև տարեվերջ կառավարությունից պահանջվում է համառ և հետևողական աշխատանք, որպեսզի այդ ցուցանիշները պահպանվեն, որոշակի թերացումները շտկվեն և տարին հնարավոր լինի ամփոփել լավ ցուցանիշներով:
Ռոբերտ Քոչարյանը, այս ամենի կողքին, մտահոգիչ համարեց էներգետիկայի և հարկահավաքման ոլորտներում ստեղծված վիճակը, որը շտկելու համար ուժերի համախմբում և լարված աշխատանք է պահանջվում: Այս 2 բնագավառը, ըստ հանրապետության նախագահի, տնտեսության ընդհանուր վիճակի վրա ուղղակի ազդեցություն ունեն, հետևաբար կառավարությունը դրանց բարելավման համար պետք է նաև քաղաքական կամք դրսևորի: ՀՀ նախագահն անդրադարձավ նաև պետության կողմից վարվող արտաքին քաղաքականության վիճակին՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս բավականին ակտիվություն կա: Այդ մասին են վկայում տարբեր երկրների հետ շփումների մակարդակը, բազմաթիվ պաշտոնական և աշխատանքային այցերն ու ընդունելությունները, դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն ու ստորագրված փաստաթղթերը: