չորեքշաբթի, 11 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Սերգեյ Իվանովը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ ՀՀ կառավարության ղեկավարի բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակման կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերություններն այսուհետ ևս նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ:
ՀՀ վարչապետը համոզմունք է հայտնել, որ Սերգեյ Իվանովի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար:
Այնուհետև անցնելով հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանը, կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ: Սերգեյ Իվանովը նշել է, որ սերտ աշխատանք է տարվել նաև Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որտեղ քննարկվել են առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության խնդիրները: Նա հույս է հայտնել, որ այս այցի ընթացքում ևս կքննարկվեն երկկողմ համագործակցությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր հարցերը և հայ-ռուսական հարաբերությունների ոգուն համարժեք լուծումներ կգտնվեն:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները քաղաքական ու տնտեսական բնագավառներում լավ են զարգանում, միաժամանակ, ըստ նրա, տրանսպորտային հաղորդակցության հարցը շարունակում է մնալ ամենացավոտը: Այդ կապակցությամբ նա գոհունակություն է հայտնել օրերս Կավկազ-Փոթի լաստանավային ուղու գործարկման վերաբերյալ: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման հարցին, նշելով, որ հայկական կողմն անհրաժեշտ բոլոր հնարավոր պայմանները պատրաստ է ապահովել՝ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար: Սերգեյ Իվանովը, հարցի առնչությամբ, կարևորել է կոմերցիոն տեսանկյունից արդյունավետ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, կապի, տրանսպորտի, ռազմատեխնիկական և մի շարք այլ բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ կառավարության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Իվանովի համատեղ մամուլի ասուլիսը: