երկուշաբթի, 29 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի և Վրաստանի՝ ՀԲ-ի ծրագրերի գծով պատասխանատու Փիթեր Նիկոլսը և Բազմաբնույթ ներդրումների երաշխավորության գործակալության (MIGA)-ի խորհրդատու Ռոբերտ Ուայթը:
Պրն Սաադաթը ՀՀ վարչապետին նախ տեղեկացրեց, որ այս շաբաթ Հայաստան է ժամանելու ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ'Քոննորը և հույս հայտնեց, որ նա Երևան կայցելի լավ լուրերով, ապա անդրադարձավ Զարգացման հայկական գործակալության գործունեությունը խթանելու նպատակով ՀԲ-ի նախատեսած օժանդակության ծրագրին: Եռամյա այդ ծրագիրը նախատեսում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն հիշյալ գործակալությանը: Այն ներառում է և՛ ցանցային տեխնոլոգիաների ուժեղացում ու գործակալության աշխատանքներում ժամանակակից տեխնիկական միջոցների լավագույնս օգտագործում, և՛ պրակտիկ օրինակի վրա ԶՀԳ-ի աշխատակիցների ուսուցում, որակավորում, և՛ վերլուծությունների ու խորհրդատվության ապահովում, դրանց հիման վրա աշխատանքի ծրագրավորում և մի շարք այլ ուղղություններ: ՀԲ-ն, Օուեյս Սաադաթի հավաստմամբ, այս խնդիրների լուծման համար կփորձի ստանալ նաև դոնոր այլ կազմակերպությունների աջակցությունը:
Զարգացման հայկական գործակալության աշխատանքը խթանելու ծրագրի անհրաժեշտությունը, ըստ ՀԲ-ի ներկայացուցչի, պայմանավորված է վերջին շրջանում նրա ակտիվ գործունեությամբ, իր գործառույթների ճշգրիտ կատարմամ: Պրն Սաադաթը հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որը նաև ԶՀԳ-ի խորհրդի նախագահն է, գործակալության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, մշտական ուշադրության համար:
Ծանոթանալով ԶՀԳ-ի աջակցման համար ՀԲ-ի նախատեսած ծրագրի ուղղություններին՝ վարչապետն իր մի քանի դիտողություններն ու առաջարկներն արեց: Նա ընդգծեց տեղական ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտությունը, կարևորեց գործարարների ու նրանց միավորող կազմակերպությունների կապի սերտացումը ԶՀԳ-ի հետ, իրենց արտադրանքի մատուցման կուլտուրան բարձրացնելու նպատակով գործարարների շրջանում ուսուցման ծրագրերի իրագործումը, որոնք ՀԲ-ի ներկայացուցիչների կողմից միանգամայն ընդունելի էին: