ուրբաթ, 13 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Արաբկիրի բաժնի անձնագրային բաժանմունք և ծանոթացել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) գրասենյակի միջոցով ԱՄՆ կառավարության կողմից ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում արդիականացված համակարգչային ցանցում ընտրողների ռեգիստրի թարմացման ու վարման աշխատանքներին:
Նշելով, որ լավ օրենքը և քաղաքական կամքն ընտրությունների անցկացման առումով չափազանց կարևոր են, վարչապետը ոչ պակաս կարևոր է համարել ընտրությունների տեխնիկական ապահովումը՝ սկսած նախապատրաստական փուլից մինչև ընտրությունների օրը, ճիշտ, ստույգ ցուցակներ կազմելուց մինչև ընտրությունների արդյունքների մասին օպերատիվ, օրենքով սահմանված կարգով, նախատեսված ժամկետներում վերադաս ընտրական հանձնաժողովներ հաղորդելը: Վարչապետ Սերժ Սարգսյանը ողջունել է բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր երկրին, մեր քաղաքական ուժերին՝ լուծելու հիշյալ խնդիրները և պատշաճ մակարդակով անցկացնելու առաջիկա խորհրդարանական ընտրությունները: