երկուշաբթի, 5 նոյեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինդուլիս Բերզինշին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշեց, որ թեև Հայաստանի և Մերձբալթյան պետությունների, մասնավորապես, Լատվիայի միջև հարաբերություններն առայժմ թույլ են զարգացած, սակայն վերջին շրջանում երկուստեք նկատվում է փոխադարձ հետաքրքրության աճ: Անդրանիկ Մարգարյանը դա որոշ չափով պայմանավորեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Եվրոմիության քաղաքականության ակտիվացմամբ, որի հետ Լատվիան սերտ կապեր ունի: Արտգործնախարար Բերզինշի հետ հանդիպմանը համագործակցության համար ՀՀ վարչապետը կարևորեց երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի շուտափույթ ստեղծումը, որի ուղղությամբ արդեն աշխատանքներն սկսվել են: Կողմերը փաստեցին, որ մի շարք՝ բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի, զբոսաշրջության և այլն, ոլորտներում գործակցության լայն դաշտ կա: Լատվիայի արտգործնախարարը խոստացավ վերադառնալուն պես այդ նպատակով հանդիպում ունենալ իր երկրի գործարարների, բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, խորհրդակցել և փորձել որոշակիացնել անելիքը, ի վերջո, ցանկություններից գործնական դաշտ տեղափոխվելու նպատակով:
Հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց նաև միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելու փաստը, որպես օրինակ նշելով Եվրոպայի խորհրդին Լատվիայի նախագահության շրջանում Հայաստանի անդամակցությունը:
Հանդիպման ավարտին վարչապետն անդրադարձավ է նաև ՆԱՏՕ-ին Լատվիայի անդամակցության հարցում Հայաստանի՝ իբրև այդ երկրի հետ իր հարաբերությունները սերտացնող երկրի, վերաբերմունքին, նշելով, որ մեր երկիրը կարևորում է յուրաքանչյուր պետության անվտանգության այն միջոցառումներին և կառույցներին ազատ մասնակցելու իրավունքը, որոնք համարվում են առավել համապատասխան նրա անվտանգության շահերին:
Անվտանգության ապահովման նպատակով ընտրված տարբեր մեխանիզմները, ըստ ՀՀ վարչապետի, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բնականոն զարգացմանը: