ուրբաթ, 13 ապրիլի 2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հյուսիսային պողոտայի, Դալմայի այգիների, Բուզանդի, Ֆիրդուսի և Նորքի այգիներ փողոցների և հարակից տարածքների այն բնակիչներին, ովքեր հողամասերի կամ բնակարանների հետ կապված խնդիրներ ունեն և տևական ժամանակ ու պարբերաբար այդ խնդիրներով դիմել են համապատասխան պետական մարմիններին և մինչ այժմ լուծում չեն ստացել: Հանդիպմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Վարչապետը, լսելով բնակիչներին, նրանց խնդիրները բաժանել է երկու մասի՝ քաղաքացիներ, ում բնակարաններն արդեն իսկ իրացվել են և համապատասխան պայմանագրեր չեն կնքվել, փոխհատուցման խնդրիները չեն լուծվել, և քաղաքացիներ, ովքեր դեռևս ապրում են առաջիկայում իրացման ենթակա իրենց բնակարաններում: Վարչապետը նշել է, որ կողմնակից է հօգուտ քաղաքացու իրատեսական և ողջամիտ լուծումների: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր գործ պետք է առանձին ուսումնասիրվի, միաժամանակ ավելացնելով, որ, իհարկե, բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ շաբաթում լուծել: Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ ինքը կողմնակից է դեռևս չիրացված տարածքներում քաղաքացիների համար նոր բնակարանների կառուցմանը: Նկատի ունենալով խնդիրների մեծ ծավալը, ինչպես նաև նախընտրական շրջանում զանազան շահարկումներից խուսափելու նպատակով, Սերժ Սարգսյանը խոստացել է նրանց հետ մեկ անգամ ևս հանդիպել խորհրդարանական ընտրություններից հետո՝ մայիսի կեսերին, իսկ մինչ այդ հանձնարարել է Երևանի քաղաքապետին՝ այս ընթացքում ընդունել քաղաքացիներին, քննարկել հնարավոր լուծումները և ամրագրել փոխադարձաբար ընդունելի մոտեցումներ:
Այնուհետև Սերժ Սարգսյանն ընդունել է Երևանի Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասի «Մասիս-3» բնակկոոպերատիվի ներկայացուցիչներին: Վերջիններս վարչապետին ներկայացրել են խնդրի նախընթաց պատմությունը, ըստ որի՝ «Մասիս-3» բնակկոոպերատիվը ձևավորվել է 1986թ.-ին, ընդգրկել է 120 փայատեր ընտանիքներ: Շենքի կառուցումը դադարել է 1992թ.-ին, պատրաստվածության աստիճանը կազմում է շուրջ 80%: Բնակկոոպերատիվի անդամները 2006թ. ապրիլին դիմել էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ շենքի ավարտմանը պետական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲԸ-ի կողմից կատարվել է շենքի հիմնակմախքի տեխնիկական զննումը, որի եզրակացության և առաջարկությունների հիման վրա նման շենքերի միակ մասնագիտացված կազմակերպության կողմից մշակվել են շենքի կառուցումն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ըստ նախահաշվի՝ պահանջվում է 454 մլն դրամ, որից 164 մլն-ը կառույցի սեյսմազինվածության աստիճանի բարձրացման համար: Շենքում առկա է 30 ազատ բնակարան:
Վարչապետը բնակիչներից փորձել է ճշտել, թե ինչ աջակցություն են ակնկալում պետությունից և իրենք իրենց կողմից ինչ մասնակցություն կարող են ունենալ բարձրացված խնդրի լուծմանը, որից հետո նա խոստացել է մեկ անգամ ևս հանդիպել բնակիչների հետ՝ արդեն որոշակի լուծումներ գտնելու նպատակով:
Վարչապետ Սերժ Սարգսյանն ընդունել է նաև «Հայկական ավիաուղիներ» ՓԲ ընկերության նախկին աշխատակիցների խմբին, որոնք ևս իրենց աշխատավարձերի պարտքերի խնդրով պարբերաբար դիմել էին համապատասխան պետական մարմիններին: Քանի որ խոսքը մեծ գումարների մասին է, վարչապետը փորձել է պարզել նախկին օդաչուների պատկերացումները խնդրի լուծման ձևերի վերաբերյալ և խնդիր է դրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի առջև՝ հնարավորինս կարճ ժամկետում գտնել այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենսդրությանը: