երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Սիրկա Լիսա Անտիլային և նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերն արձանագրեցին, որ Ֆինլանդիան և Հայաստանը, թեև քաղաքական ասպարեզում տարաձայնություններ չունեն, սակայն քաղաքական շփումների մակարդակը հեռու է բավարար լինելուց: Շատ ավելի անբավարար է տնտեսական հարաբերությունների մակարդակը: Բավական է նշել, որ 2000թ. Ֆինլանդիայի Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 1.5 մլն, իսկ Հայաստանից այդ երկիր է արտահանվել ընդամենը 9 հազար դոլարի արտադրանք: Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրները բավականաչափ ներուժ ունեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Գլխավոր խոչընդոտների թվում նշվեցին հատկապես տեղեկատվության պակասն ու հաղորդակցության ուղիների սակավությունը:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ երկու երկրների միջև տնտեսական փոխշահավետ համագործակցություն կարելի է ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, բնապահպանության, գորգագործության, ոսկերչության և այլ բնագավառներում: Կարևորվեց մասնավորապես իրավական դաշտի ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ առաջին քայլերն արվում են:
Ֆիննական պատվիրակությունն ընդունեց միջկառավարական հանձնաժողով ստեղծելու հայկական կողմի առաջարկը, որը կարող է նպաստել մեր երկու երկրների միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ապագայում նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: