երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց հայ-ուկրաինական բարեկամության, երկու պետությունների միջև դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման ուղղությամբ Ուկրաինայի դեսպանության կատարած աշխատանքից, ընդգծելով դեսպանի անձնական ներդրումը այդ գործում: Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց Ալեքսանդր Բոժկոյին նրա հետագա աշխատանքում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և իր գործունեության շրջանում ցուցաբերված աջակցության համար, Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ բարեկամ Հայաստանից հեռանում է այն գիտակցությամբ, որ երկուստեք կատարված արդյունավետ աշխատանքի շնորհիվ, այսօր արդեն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացման կայուն հեռանկարներ ունեն:
Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ անցած տարիներին հայ-ուկրաինական փոխհարաբերություններում հաստատված բարի ավանդույթները հաջողությամբ կշարունակվեն: