չորեքշաբթի, 18 ապրիլի 2007
Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, շնորհավորական հեռագիր է հղել Բրազիլիայի Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվան: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք երջանկության և հաջողության իմ մաղթանքները՝ Ձեր պատասխանատու գործառույթն իրականացնելիս: Համոզված եմ, որ Ձեր ներկայությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»:
Հայաստանի Հանրապետության իր գործընկերոջը նշանակման առթիվ շնորհավորել է նաև Սիրիայի վարչապետ Նաժե Օթրին.
«Պատիվ ունեմ Հայաստանի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման առիթով ուղղել Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքների հավաստիքը:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ վստահություն հայտնել, որ Սիրիայի և Հայաստանի միջև գործնական ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձերդ գերազանցությանն առողջություն ու բարօրություն և հաջողություն Ձեր նոր պարտականությունն իրականացնելիս, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց ու բարգավաճում»:
Համաշխարհային բանկի ղեկավարության և Հայաստանի ծրագրերի շրջանակներում գործունեություն ծավալող աշխատակազմի անունից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքում Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Շիգեո Կաթսուն նշել է. «Հայաստանը տպավորիչ աճի և կայունության է հասել Անդրանիկ Մարգարյանի կայուն բարեփոխումների տեսլականի շրջանակում: Մենք վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը շարունակելու է կառուցել այս նվաճումների հիմքի վրա և ավելի է ամրապնդելու տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված իր ջանքերը: Ցանկանում ենք վստահեցնել Ձեզ, որ մենք պատրաստակամ ենք սերտորեն աշխատել Ձեզ ու կառավարության հետ և երաշխավորել, որ Համաշխարհային բանկի օժանդակության ծրագիրը լիովին համահունչ է Ձեր ղեկավարած կառավարության առաջնահերթություններին»:
«ՌԱՕ ԵԷՍ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Անատոլի Չուբայսը ևս շնորհավորել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և վստահություն հայտնել՝ «Ձեր ղեկավարությամբ Հայաստանի նախարարների կաբինետը կապահովի երկրի հետագա առաջընթացը տնտեսական բարեփոխումների ուղիով, ինչը գրավական կհանդիսանա հայ ժողովրդի տնտեսական ներուժի և կենսամակարդակի բարձրացման համար»:
«Գազպրոմ» բաժնետիրական ընկերության և անձամբ իր անունից Սերժ Սարգսյանին այսօր շնորհավորել է նաև ընկերության վարչության նախագահ Ալեքսանդր Միլլերը: Նրա հղած հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև հաստատված բեղմնավոր համագործակցությունն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանա ու կամրապնդվի, կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ տնտեսական կապերի բարելավմանը»:
Ալեքսեյ Միլլերը քաջառողջություն, երջանկություն և բարօրություն է մաղթել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր բնակիչներին:
Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն իր շնորհավորական խոսքում գրել է.
«Ուրախությամբ իմացանք հայ մամուլեն Ձեր անվանումը արժանընտիր հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանին հաջորդելու կառավարության գլուխը:
Մեր հայրական և հայրապետական սրտագին ողջույնին հետ կկցենք մեր օրհնությունը, որ Ամենայն Աստված Ձեզի ուժ և կարողություն պարգևե իմաստուն կերպով հառաջ տանելու Մայր Հայրենիքի քաղաքական և տնտեսական գործունեությունը, որ այս օրերուն կպահանջե լուրջ խոհեմություն:
Արդեն երեք տարիներ առաջ այցելություն մը տվիք Մեր Պատրիարքական Աթոռին, Մեզ լավ տպավորելով իբրև լուրջ և հեռատես դիվանագետ»: